Կվիրիկաշվիլին էլեկտրոնային նամակով դիմել է իր աշխատակազմին

Վրաստանի պետական պաշտոնյաները սեպտեմբերի  20-ին  վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիից  էլեկտրոնային նամակ են ստացել:  Այս մասին տեղեկացնում  է  Կառավարության մամուլի ծառայությունը:   «Պետական կառավարման համակարգի  բոլոր աշխատակիցներս երկրի առջև մեծ պատասխանատվություն ենք կրում:  Մեր յուրաքանչյուր որոշումն ու քայլը, ծախսված յուրաքանչյուր լարին ծառայում է հասարակության շահերին: Այդ պատճառով խիստ կարևոր է` գործել օրենքի շրջանակներում: Օրենքի նույնիսկ աննշան  խախտումը կարող է հասարակության շրջանում  Կառավարության հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծել, ինչն  անընդունելի է»,-ասված է Կառավարության  ղեկավարի` պաշտոնյաներին ուղղված նամակում:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ այս օրերին, երբ երկիրը պատրաստվում է խորհդարանական ընտրություններին, քաղաքական ուժերը  աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Նա պաշտոնյաներին հորդորել է  մեծ ուշադրությամբ  ու բարեխղճությամբ կատարել պարտականությունները` հետևելով   նախընտրական շրջանում ընթացող գործընթացներին,  օրենքի յուրաքանչյուր տառին:

Վրաստանի վարչապետը, ով  նաև «Վրացական երազանք»  կուսակցության առաջնորդն է,  պաշտոնյաների էլեկտրոնային հասցեներին է ուղարկել  նախընտրական գործընթացում  ընդգրկվելու մասին պետծառայողների համար  սահմանված օրենքները:

« Խնդրում եմ ծանոթանալ և պահպանել  այն  ձեր ամենօրյա գործունեության մեջ: Պետական ծառայության համբավը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է: Ուզում եմ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բոլորին`   կոչ անելով  շարունակել նույն տեմպով, օրենքի շրջանակներում »:

Վարչապետի  էլեկտրոնային նամակը հրապարակել  է  «interpressnews»-ը:

 

 

Թողնել պատասխան