Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով:
Այցի սկզբում ՀՀ պատվիրակությունը գլխավորող պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ծաղիկներ դրեց Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ:
Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին հարցեր` կապված արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ: Համախոհության բարձր մակարդակ ունենք շատ հարցերում՝ կողմերն այսպես են գնահատում կայացած հանդիպումները.
«Հայաստանի իշխանություն նոր թիմ է եկել, հատկանշական են խորհրդարանի, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները: Հատուկ նշանակություն ենք տալիս, որ առաջին քայլերը լինեն հնարավորինս ինտենսիվ ու արդյունավետ»,- Ալիք Մեդիայի հետ զրույցում ասում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:
Այցի առաջին օրը ՀՀ պատվիրակությանն ընդունեց նաև ԱԳ փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին: Կողմերը քննարկում են անցկացրել Վրաստանի՝ Եվրոպական ուղղության և Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ստորագրած համապարփակ և ընդլայնված ծրագրի համատեքստում:
«Հիմնականում անդրադարձել ենք միջազգային կազմակերպություններում մեր երկրների համագործակցության հարցին, խոսել ենք արտաքին քաղաքականության մասին: Վրաստանի արտգործփոխնախարարի հետ խոսեցինք Եվրոպական ինտեգրման ծրագրերի մասին»,- նշեց Լենա Նազարյանը:
Խիտ օրակարգը համալրեցին այցերը Թբիլիսիի Արդարադատության տուն, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն: Կողմերը կիսվեցին ոլորտներում՝ հարևան երկրների փորձով, ծանոթացան գործող համակարգերին: Արդարադատության առաջին փոխնախարար Միխեիլ Սարջվելաձեն ասում է.
«Միշտ շատ հետաքրքիր է երբ հնարավորություն ունենք բարեկամ պետությունների հետ կիսվելու մեր փորձով ու ձեռքբերումներով: Այս տեսանկյունից սա շատ լավ հնարավորություն է հետագա համագործակցությունը խորացնելու համար»։
Հայաստանյան խմբի այցը Վրաստանում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը: