Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Բաքրաձեն անդրադառնալով 2019-ի պետբյուջեի նախագծին՝ քննադատել է նախագահի աշխատակազմին տրամադրվող ֆինանսավորումն ավելացնելու մասին որոշումը։
«Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համար պետական ֆինանսավորման ավելացումը նշանակում է, որ իշխանության համար կարևորն անձնական լոյալություն ձեռք բերելն է, ոչ թե այն, թե ինչ արդյունք է տվել այս կամ այն անձի գործունեությունը»,- ասել է Բաքրաձեն:
Պատգամավորի խոսքով, Սալոմե Զուրաբիշվիի գործունեությունը երկրի շահերին վնաս է պատճառում:
«Վնասաբեր էր այն, որ «Վրացական երազանքը» ստիպեց հասարակությանը նրան նախագահ ընտրել: Վնասաբեր էր նրա արտաքին գործունեությունը, որը Դավիթ Գարեջիի հետ կապված խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ, ինչպես նաև նրա գործողությունները համաներման հետ կապված: Սալոմե Զուրաբիշվիլին ոչ մի քայլ չի անում, որը կծառայի պետությանն ու հասարակությանը: Այս ամենի ֆոնին նրա ծախսերի ավելացումը տեղի է ունենում պարտք վերցնելով, որը մեզանից յուրաքանչյուրն ու մեր երեխաները պետք է վճարեն: Կառավարությունը լրացուցիչ 500 մլն պարտք է վերցնում, որի մի մասը Զուրաբիշվիլիի հարմարավետության համար կծախսվի»,- հայտարարել է Բաքրաձեն:
Հիշեցնենք՝ պետական բյուջեում նախատեսված փոփոխությունների համաձայն կավելանա նախագահի աշխատակազմի ծախսերը: