Դավիթ Բերձենիշվիլի.Եթե Բիձինա Իվանիշվիլին չդադարեցնի մեր դեմ անհիմն մեղադրանքները, ստիպված կլինենք ապացույցներ ներկայացնել Այս մասին հայտարարել է Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդերից Դավիթ Բերձենիշվիլին՝ «Կվիրիս պալիտրա» թերթի տված հարցազրույցում։ Բերձեննիշվիլիի համաձայն, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստում է:
«Նա համարում է, որ չափից ավելի վստահություն ունի հանրության շրջանում և ինչ էլ ասի՝ ճիշտ լինի, թե՝ սուտ, ժողովուրդը հավատալու է: Նախ, որքան էլ բարձր վստահության մակարդակ ունենա Իվանիշվիլին, ժողովուրդը ստին երբեք չի հավատա։ Մեր հանրությունը վստահության մեծ պրոբլեմներ ունի: Իվանիշվիլիի դեմ ացագրոհը մենք չենք սկսել, ինքն է բացել կրակը, երբ իր կողմից հավանության արժանացած Դավիթ Ուսուփաշվիլիին քննադատեց: Ավելին, մեկ-երկու անգամ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Ուսուփաշվիլիի հասցեին: Հուսով եմ շատ շուտով կհասկանա և ներողություն կխնդրի»,- հայտարարել է Բերձենիշվիլին:
Իր գնահատականով Բիձինա Իվանիշվիլին լավ մարդ է՝ լավ բարեգործ, սակայն քաղաքականությունում շատ սխալներ է թույլ տվել:
«Կրկնում եմ, Բիձինա Իվանիշվիլին վատ մարդ չէ, սակայն քաղաքականությունում նա շատ սխալներ է թույլ տվել: Օրինակ, Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապ է ունեցել նաեւ 2007-ի նոեմբերի 7-ից հետո, մինչդեռ մենք ընդամենը մի քանի ամսում հասկացանք, թե ով էր Սաակաշվիլին իրականում: Չնայած նրան, որ 2012թ֊ին համատեղ ուժերով Սաակաշվիլիին հեռացրինք, սակայն Իվանիշվիլին փորձում է 2016թ. վիրտուալ պայքարը թարմացնել»,- ասել է Բերձենիշվիլին:
Վերջինը նաեւ հիշեցրել է Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած այն հանդիպումը, երբ Իվանիշվիլին Դավիթ Ուսուփաշվիլիին վարչապետի պաշտոն է առաջարկել: Բերձենիշվիլիի խոսքերով, գոյություն ունեն նամակներ և փաստաթղթեր որոնք ապացուցում են, որ նրանք ճիշտ են ասում, իսկ Իվանիշվիլին՝ ստում է: