1+4՝ ծրագիր, որտեղ ազգությունը կարևոր չէ

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4»՝ վրացերենի նախապատրաստական կուրսը հերթական անգամ բացել է դռներն ուսանողների առաջ:

Այս տարի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի նախապատրաստական կուրսում գրանցվել է ադրբեջաներենով քննությունը հանձնած 230 դիմորդ, հայերենով քննությունը հանձնած 110 դիմորդ, 6 օս և 1 աբխազ դիմորդ: Ծրագրի գրասենյակից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ հայերեն քննությունով ընդունվողների դինամիկան կայուն է, ադրբեջաներենով ընդունվող ուսանողներն այս տարի քանակով ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել:

Այս տարի ուսանողներին մի քանի կարևոր նորություն էր սպասվում: Նախ, նախապատրաստականի ուսանողները մասնագիտությունն ընտրել են տարվա սկզբում, խմբերի բաժանվել ըստ մասնագիտությունների: Նորամուծություն կա նաև խմբերում՝ այս տարի առաջին անգամ խմբերը կլինեն խառը ազգություններով հենց առաջին կիսամյակից:


Ծնունդով Նինոծմինդայից Կատյա Անանիկյանն ընտրել է տնտեսագիտական ճյուղը, ոգևորությամբ պատմում է ուսումնական տարվա առաջին օրվա՝ ռեկտորի հետ հանդիպման մասին, ուրախ է, որ վրացերենից զատ կմասնակցի նաև անգլերենի, մաթեմատիկայի դասընթացների․

«Ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ես պատկերացնում էի: Ինձ դուր է գալիս նաև այն, որ սովորելու ենք խառը խմբերում՝ ադրբեջանցի համակուրսեցիների հետ, ու ստիպված վրացերենով կզրուցենք, լեզվի մակարդակը կբարձրացնենք»։

Նույն կարծիքի են նաև Մառնեուլիի շրջանից ադրբեջանցի ուսանողները:

Բոլնիսի գյուղից Գյոնել Աբդուլաևան ծրագրին դիմել է վրացերեն սովորելու նպատակով, գտնում է, որ պետական լեզվի իմացությունը պարտադիր է:

«Ուզում եմ դառնալ տարրական դասարանների ուսուցչուհի, արդեն ունեմ խումբ, որն ինձ դուր է գալիս: Ինչ վերաբերում է հայերին, ի՞նչ տարբերություն, թե մարդն ինչ ազգության է, կարևորը լավ մարդ լինի: Վստահ եմ, մենք հեշտությամբ կընկերանանք»,-ասում է ադրբեջանցի ուսանողուհին։

Շահումյան գյուղից Թամարա Օկոյանը նույնպես համոզված է՝ ադրբեջանցի կուրսընկերների հետ ընկերանալու են, միասին բարելավեն վրացերենի մակարդակը.

«Վրացերենը շատ եմ սիրել դպրոցում, կարծում եմ դժվար չի լինի վրացերեն խոսելն ու վրացիների հետ շփվելը, ինչը կնպաստի նաև ինտեգրվելուս վրացական շրջապատում»։

Ավետիսյան Մարգարիտան էլ Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղից է, ասում է՝ երբեք չի մտածել Հայաստանում սովորելու մասին.

«Միշտ ցանկացել եմ Թբիլիսիում սովորել, թեև վրացերենին լավ չեմ տիրապետում, բայց դա խնդիր չէ: Ուզում եմ մեծ բարձունքների հասնել, որ ընտանիքիս անդամները հպարտանան ինձնով»,- ասում է նա:

Հիշեցնենք՝ «1+4» վրացերեն լեզվի ծրագիրը գործում է 2010 թվականից: Այն նախատեսված է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Վրաստանի պետական բուհեր ընդունվել ցանկացողները արտոնություններից օգտվելով՝ 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերեն լեզուն ուսումնասիրելուց հետո նրանք տեղափոխվում են բակալավրի առաջին կուրս: