Հայաստանում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերան։
«Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկները Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ժապավենն է: Անդրադարձը հայոց վերջին թագավորությանը՝ հայոց պատմությունը գնահատելու և պահպանելու տեսանկյունից յուրատեսակ հաղորդագրություն է դեպի մեր ժամանակներ: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների և Լուսինյանների կենտրոնական կերպարներին, տեսնելու կատաղի մարտեր, փառավոր հաղթանակներ և իհարկե՝ սեր:
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության բոլոր չափանիշներին համապատասխան՝ զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ՝ գաղափարային հիմք ունենալով ինչպես հայոց պատմության ու պատմական հերոսների միջոցով ազգային ոգի արթնացնելը, այնպես էլ համաշխարհային հանրությանը հայկական կինոարտադրական ներուժը ներկայացնելը: Նկարահանումները և հետարտադրական ամբողջ գործընթացը իրականացվել է Հայաստանում՝ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Ֆիլմ-ակնարկների ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է:
Start Up նախագծի տեսլականն է Կիլիկիայի հայոց պատմության փառավոր էջերից մեկը լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ դարձնել, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանը տեսանելի և գրավիչ դարձնել բարձր տեխնոլոգիական աշխարհի և ֆիլմարտադրության ոլորտում հայտնի միջազգային կազմակերպությունների համար՝ ներկայանալով իբրև այդ ոլորտում արտադրական և հետարտադրական գործընթաց իրականացնելու զարգացման ներուժ ունեցող և մրցունակ երկիր:
Նախագծի մտահղացումը արմատներով հենց Կիլիկիայից սերող Խաչատուրեան ընտանիքի և ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Հարութ Խաչատուրեանինն է, ով նաև նախագծի գործադիր պրոդյուսերն է: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը արդեն քսան տարուց ավել է աշխարհին ներկայացնում հայկական բոլոր ժամանակների սիրված երգն ու երաժշտությունը: Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվում էին էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում: Պրեմիերան իրենց ներկայությամբ էին պատվել Գոհար Խաչատուրեանը և Շահե Խաչատուրեանը:
Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։
Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:
Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։
Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։