Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 16-ին հնչեց առաջին զանգը: Արարողությունը մեկնարկեց Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմներով, այնուհետև խորհրդանշական կերպով առաջին զանգը հնչեցրեցին առաջին և 12-րդ դասարանների աշակերտները:
Թբիլիսյան 104-ն իր պատմությունն ունի։ Աթոնելիի փողոցում՝ Քռի աջ ափին տեղակայված բազմադարյա պատմություն ունեցող Վանքի տաճարը՝ 1938թ֊ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի որոշմամբ վճռվում է քանդել:
«Վրաստան», (նախկինում «Խորհրդային Վրաստան») թերթի այս շրջանում հրապարակված հոդվածներից մեկում այս փաստը զետեղվել է որպես Թբիլիսիի հայ քաղաքացիների նախաձեռնություն. «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»,- մեջբերման ավարտ:
Հիշենք, սակայն, որ սա Բերիայի եւ ստալինյան բռնաճնշումների տարիներին հաջորդած շրջանն է ու եկեղեցին քանդելու պաշտոնական հիմնավորումը թիֆլիսահայերի չակերտավոր պահանջ ներկայացնելը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով:
Ըստ Սամվել Կարապետյանի «Հայկական եկեղեցիները Վրաստանում» անտիպ աշխատության, այն գոյություն ուներ միջնադարից, բայց այն պահպանելու և խնամելու նպատակով բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել: Այդ է պատճառը, որ գերեզմանատանը գտնված ու մինչև 1939թվականը պահպանված մեզ հայտնի տապանաքարերը պատկանում են 19-20-րդ դարերին:
Այսօր Վանքի տաճարից մնացել է միայն զանգակատունը և մասամբ առաջնորդարանը, որը բնակելի շինության մաս է կազմում: Չկա վանքի տաճարը, սակայն կանգուն է Թբիլիսիի միակ՝ փաստացի ամբողջովին հայկական կրթօջախը:
Դպրոցի մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ