Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 13-ից սկսեց շրջաններում քննարկումներ անցկացնել սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ: Քննարկումները անցկացվում է համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին սահմանադրական նախագծի համընդհանուր-ժողովրդական հանձնաժողովը՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակն այցելեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան և բնակիչների հետ հանդիպում ունեցավ Ախալցիխեում՝ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում:
Ախալցիխեից հետո Թալակվաձեն այցելեց նաև Ախալքալաք և Նինոծմինդա: Նրան ուղեկցում էին նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավոր Հենզել Մկոյանը և շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Խորհրդարանի խոսնակը սահմանադրական փոփոխությունների մասին զրուցեց շրջանի բնակիչների և հանրային ծառայողների հետ՝ վստահեցնելով, որ ապագա խորհրդարանում անպայման կլինեն ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորներ:
Հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 30-ը երկրի ողջ մասշտաբով 11 հանրային հանդիպում կանցկացնի:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում հունիսի 20-ին մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների պահանջներից մեկը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բավարարեց, ըստ որի 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով, 0-ական շեմով և առանց դաշինքների: Համապատասխան օրինագծով փոփոխություններ կմտցվեն Վրաստանի սահմանադրության մեջ:
Սահմանադրական փոփոխությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: