Թբիլիսիից 6-ամյա Սանդրո Պողոսյանը ընտանիքում ապագա դպրոցի մասին քննարկումների ժամանակ որոշել է ընդունվել Թբիլիսիի 104 հայկական դպրոց, որտեղ հաճախում է նաև պարի խմբակ, վստահաբար հայտնում է՝ ինքը պատրաստ է դրան, անհամբեր սպասում է դասերի մեկնարկին:
Սանդրոյի մայրը՝ Նանա Պողոսյանն ասում է՝ երեխայի մոտ հայկականի հանդեպ սերը մինչ այս էլ է բազմիցս արտահայտվել՝ օրինակ, երբ վրացական պարի խմբակ հաճախելու փոխարեն պնդել է, որ ուզում է սովորել քոչարի պարել:
«Մեր իսկ ձեռքով մեր երեխաներին տանում ենք ռուսական դպրոցներ ու հետո ինքներս ասում ենք, որ հայկական դպրոցները փակում են: Ինքս ռուսական դպրոց եմ հաճախել, այն ժամանակ ռուսաֆիկացում էր, ընտրություն չկար: Մեր ժամանակներում իրավունք ունենք ընտրելու, թե որ դպրոց ընդունվենք, այժմ մենք ընտրում ենք 104-ը»,- ասում է Պողոսյանը:
Թբիլիսիի հայկական թիվ 104 հանրային դպրոցում 83-րդ անգամ հնչեց առաջին զանգը: Այս տարի Վանքի դպրոցն ընդունում է 21 աշակերտ, ճանապարհում՝ ևս 21-ին: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ասում է դպրոցի ենթակառուցվածքները բարելավվելն ավանդույթ է դարձել կրթօջախի համար․
«Դպրոցն ինչպես միշտ իր բյուջեով թարմացրել է սպորտի դահլիճը, ներկել ենք մեր ուժերով, ինչը հեշտ չէր: Առաջին հարկի միջանցքն ու պատերը նույնպես թարմացվել են, դպրոցը լավ վիճակում է գտնվում: Մենք ոչ մի տեսակի ֆինանսավորման կարիք չունենք, ոչ էլ խնդրում ենք, դպրոցն ամեն ինչ անում է իր ուժերով»,- ասում է Ժամկոչյանն ավելացնելով, որ այս տարի երեխաներին սպասվում է նոր լաբորատորիա, որի համար նյութերը ձեռք են բերվել դեռևս նախորդ տարվանից:
Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական դպրոցում սովորում է ավելի քան 300 աշակերտ: Նախորդ տարի ավարտած 18-ից 11-ն ընդունվել են բուհեր, աշակերտները հաջողությունների են հասնում ազգային օլիմպիադաներում Վրաստանի ողջ մասշտաբով հաղթանակների արժանանում:
Ինչ վերաբերում է աշխատակազմին, նոյեմբերին՝ ուսուցիչների քննությունը հանձնելուց հետո, այն կհամալրվի էլ ավելի շատ որակավորված մանկավարժներով: Ի դեպ, դպրոցն այս պահին ունի թափուր աշխատատեղ՝ սպորտի ուսուցչի պաշտոնում: