Վրաստանի 5 օդանավակայաններն օգոստոս ամսվա ընթացքում 583 հազար ուղևոր են ընդունել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 11 տոկոսով: Այս մասին նշված է օդանավակայանների միավորման կողմից տարածած հայտարարությունում:
Բացի այդ, հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ուղևորահոսքի աճ է գրանցվել՝ գերազանցելով 3,6 միլիոնը (8%) :
Միակ օդանավակայանը, որտեղ ամռան վերջին ամսվա ընթացքում արձանագրվել է ուղևորների աճ՝ Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանն է: Եվրոպական երկրներից այլ ավիաընկերությունների հետ միասին հենց Քութայիսիում է գործում մատչելիությամբ հայտնի Wizz Air-ը:
«Ելնելով այն դինամիկայից, որ Վրաստանի օդանավակայաններում վերջին տարիների ընթացքում գրանցվել է, այդ թվում նաև 2019-ի երկու եռամսյակների ընթացքում, մենք ակնկալում էինք ուղևորահոսքի աննախադեպ աճ նաև օգոստոսին, սակայն հունիսի 20-ի իրադարձությունները ամբողջովին այլ պատկեր են ստեղծել»,- ասված է հայտարարությունում:
Տարածված հաղորդագրությունում ասվում է նաև, որ Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել նվազագույնի հասցնել Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթների բացասական արդյունքը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումն ի հայտ եկավ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Թբիլիսի այցելության ու դրան հաջորդող բողոքի ալիքի արդյունքում: Մոսկվան հուլիսի 8-ից արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները: