Նախընտրական շրջանում Վրաստանի հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների երիտասարդության համար նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս «Ժողովրդավարության և զարգացման կենտրոն» (Center of Development and Democracy) կազմակերպությունը:
«Ընտրական գործընթացում քաղաքացիական մասնակցության ամրապնդում» ծրագիրը նպատակ ունի երիտասարդ ընտրողին տեղեկացնել իր իրավունքների մասին, ծանոթացնել ընտրական գործըթացի ողջ մանրամասներին: Նախաձեռնության ղեկավարները կարծում են, որ այս ամենը նրանց կօգնի գիտակցված ու ճիշտ որոշում կայացնելու հարցում:
«Ալիքի» հետ զրույցում կազմակերպության ընտրական ծրագրերի ղեկավար Լաշա Մելաձեն նշեց, որ վերջին նախաձեռնությունը հատուկ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների երիտասարդների հետ աշխատանքին. «Նրանց համար պատրաստվում են հայերեն և ադրբեջաներեն տեսահոլովակներ, որոնք պարբերաբար եթեր կհեռարձակվեն շրջանային հեռուստաընկերություններով»:
Բացի այդ, սոցիալական ցանցերի միջոցով կիրականացվի մեծամասշտաբ տեղեկատվական արշավ` «որոշումը քոնն է -2016» կարգախոսով, կկազմակերպվեն ստեղծագործական մրցույթներ (դրանց առավել մանրամասն կարելի է ծանոթանալ կազմակերպության ֆեյսբուքյան էջում` facebook.com):
«Այս ողջ գործընթացն իրականցվում է հաշվի առնելով լեզվական, կրոնական և ավանդական ամենատարբեր խոչընդոտներն ու կարիքները»,- վստահեցրեց Լաշա Մելաձեն:
Կենտրոնը նման ծրագրի անհրաժշտությունը կապում է ընտրություններում երիտասարդների պասիվ մասնկացությամբ: Ծրագրի հիմքում ընկած են ԿԸՀ-ի տվյալները, որը նախաձեռնության ղեկավարները հույս ունեն ծրագրի արդյունքում արդեն այս խորհրդարանական ընտրություններում կավելանա:
Մելաձեն «Ալիքի» հետ զրույցում նաև իր մտահոգությունը հայտնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերում ընտրարշավի անցկացման առընչությամբ.
«Այս շրջաններում ընտրական արշավ անցկացնելն իրոք խնդիր է. բնակչության մեծ մասը չի տիրապետում պետական լեզվին: Այդ պատճառով շատ թեկնածուներ չեն կարողանում այդ ընտրողին հասու դարձնել իրենց ծրագրերը: Հաճախ միայն քաղաքական նեղ հետաքրքրություններից ելնելով են այս շրջաններում հանդիպումներ կազմակերպվում: Գործընթաց, որին շատ պարզ պատճառով ներգրավված չեն նաև մեծաքանակ ընտրողներ»,-ասում է Մելաձեն:
«Ժողովրդավարության և զարգացման կենտրոնը», որ հիմնվել է 2008 թ., աշխատում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ուղղությամբ: Բացի այդ, դիտորդական առաքելություններ է իրականացնում նախագահական, խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններում: Կազմակերպությունը մեծ փորձ ունի նաև եվրոպական կառույցներում Վրաստանի ինտգրման հարցում: Այդ ուղղությամբ վերջին ծրագրերից մեկը վերաբերում էր հոգևորականնների համար եվրոպական կառույցների վերաբերյալ դասընթաց-հանդիպումներին.
«Այս ծրագիրը բավականին հաջողված կարելի է համարել. այն բացառիկ նախաձեռնություն էր ոչ միայն Վրաստանի, այլ նաև հետխորհրդային այլ երկրների համար: Հոգևորականների հետ հանդիպումներում հիմնականում խոսվեց այն մասին, թե ինչ կարող է ստանալ Վրաստանը` իտենգրվելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Շեշտը դրվեց Ասոցացման համաձայնագրի ու Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզայի ազատականացման հարցերին»,-Ալիքի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարության և զարգացման կենտրոն»-ի ընտրական ծրագրերի ղեկավարը: