Արդեն ավանդույթ դարձած Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախակրթարանի սաները ուսումը շարունակում են Թբիլիսիի 104 հայկական դպրոցում: Այս տարի կրթօջախ ընդունված 20 առաջին դասարանցիներից 10-ը «Հայարտուն» կենտրոնի «Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներն են:
Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանն ասում է՝
«Նախակրթարանի շրջանավարտներն արդեն գրաճանաչ ու տառաճանաչ են՝ պատրաստ լինել լիարժեք առաջին դասարանցիներ»։
Դպրոցը կարող է հպարտանալ ոչ միայն նախնական կրթություն ունեցող առաջին, այլեւ 12-րդ դասարանի աշակերտներով՝ այն պատրաստվում է կրթօջախին 3 ոսկե մեդալակիր նվիրել: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի խոսքով, սրանից բացի աշակերտները փայլուն տիրապետում են երկրի պետական լեզվին, դրա ապացույցը օլիմպիադաներին նրանց հաղթանակներն են:
«Դպրոցում խնդիրներ չկան, չեն եղել եւ չեն լինելու, քանզի մեր կողքին է ԿԳ նախարարությունը: Մեր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ոչ մի տեսակի խտրականության չեն ենթարկվել, այն հավասար է վրացական դպրոցներին: Սրա ապացույցն են թեկուզ այս տարվա ավարտականների ընդունելության արդյունքները: 16-ից երկուսն ընդունվել են Հայաստանում, տասը հանձնել են ազգային քննությունները, ինը ընդունվել, որոնցից չորսն արժանացել է պետական 100% գրանտի: Կարծում եմ սա լավ արդյունքներ են: Այս տարի սպասում ենք, որ դպրոցը 3 ոսկե մեդալակիր կստանա: Աշակերտները պիտի անեն դա, քանզի այս տարին մեզ համար յուրահատուկ է, լրանում է դպրոցի 80-ամյակը:»
Թբիլիսյան 104-ն իր պատմությունն ունի։ Աթոնելիի փողոցում՝ Քռի աջ ափին տեղակայված՝ բազմադարյա պատմություն ունեցող Վանքի տաճարը՝ 1938թ֊ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի որոշմամբ վճռվում է քանդել: «Վրաստան», (նախկինում «Խորհրդային Վրաստան» թերթի այս շրջանում հրապարակված հոդվածներից մեկում այս փաստը զետեղվել է որպես Թբիլիսիի հայ քաղաքացիների նախաձեռնություն, մեջբերում եմ. «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»: Հիշենք, սակայն, որ սա Բերիայի եւ Ստալինյան տարիների տեռորին հաջորդած շրջանն է ու եկեղեցին քանդելու պաշտոնական հիմնավորումը թիֆլիսահայերի չակերտավոր պահանջ ներկայացնելը առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով: Ըստ Սամվել Կարապետյանի «Հայկական եկեղեցիները Վրաստանում» անտիպ աշխատության, այն գոյություն ուներ միջնադարից, բայց այն պահպանելու և խնամելու նպատակով բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել: Այդ է պատճառը, որ գերեզմանատանը գտնված ու մինչև 1939թ. պահպանված մեզ հայտնի տապանաքարերը պատկանում են 19-20-րդ դարերին: Այսօր Վանքի տաճարից մնացել է միայն զանգակատունը եւ մասամբ առաջնորդարանը, որը բնակելի շինության մաս է կազմում: Չկա վանքի տաճարը, սակայն կանգուն է Թբիլիսիի միակ՝ փաստացի ամբողջովին հայկական կրթօջախը: Այս տարի այն բացեց իր դռները 80-րդ անգամ:
«Ազգային դպրոց բացելու մտահղացում շատ երկրներում կա, այս պահի դրությամբ գաղափարը մնում է, սակայն այս պահին նշանակալի է նաեւ տնտեսական իրավիճակը, ազգաբնակչությունը հնարավորություն չունի: Ելնելով այն բանից, որ պետությունը միջոցներ է հատկացնում եւ պահպանում հայկական դպրոցները, մենք պիտի փորձենք, որ շատ աշակերտներ լինեն» ասում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Դպրոցում վերջին տարիների ընթացքում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել: Տնօրեն Իրինա Ժամկոչյանի խոսքով, Վրաստանի ԿԳ աջակցությամբ, դպրոցը ձեռք է բերել նոր տեխնիկա, կահույք, ծրագրվում է որոշ դասարանների վերանորոգում, որոշներն արդեն վերանորոգված են: Փոփոխություններ կան նաեւ ուսուցչական կազմում: Այսպես, առաջին դասարանցիների դասղեկ է նշանակվել Եպրաքսիա Բաղդասարյանը: Ասում է՝ մեծ պատասխանատվություն է զգում:
«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդի կարծիքով, մեկնարկում է հայկական դպրոցների վերածնունդ:
«Ես արդեն 29-րդ տարին է մասնակցում եմ ուսումնական տարվա սկզբին: Մետրոստրոյի դպրոցում առաջին անգամ նրանց թիվը հասել է 17-ի: 139-րդ դպրոցում առաջին դասարանցիների քանակը երկու անգամ ավելացել է: Ես սա համարոում եմ Թբիլիսիի հայկական դպրոցների վերածնունդ: Հայկական այն դպրոցները, որ փակվել են վերջին տարիներին, փակվել են մեր մեղքով՝ մենք գերադասել ենք ռուսական դպրոցը հայկականին:»
Չնայած Թբիլիսահայության մի մասը լավատեսորեն է տրամադրված Թբիլիսիի հայկական դպրոցների վիճակին, փաստ է՝ Թբիլիսիում նախկինում գործող ութ հայկական դպրոցներից ներկայում գործում են ամբողջովին հայկական միակ՝ թիվ 104 դպրոցը, թիվ 103 դպրոցի հայկական բաժինը եւ Գլդանիի թիվ 139 դպրոցի հայկական բաժնի չորս դասարան միայն, վերոնշյալ դպրոցն այս տարի առաջին դասարան չունի: