Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայության լրատվական ծառայության պետ Եկատերինա Բիազրովան հայտարարել է Վրաստանի կողմից շփման գծում հարավօսական կվադրոկոպտեր անօդաչու սարքին հարվածելու մասին:
Նրա խոսքով, սեպտեմբերի 1-ին առավոտյան ժամը 10:00-ին, վրացական կողմից կրակ է բացվել Հարավային Օսիային պատկանող անօդաչու սարքի ուղղությամբ, որը նկարահանում էր շփման գծի տարածքը:
Ըստ Բիազրովայի, վրացական կողմը ոչ մի տեսակի զգուշացում չի ներկայացրել սարքին հարվածելուց առաջ: Նա գործողությունը սադրանք է որակել ու նշել, որ այս մասին արդեն տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ հարավօսական կողմին պատկանող թռչող սարքն ընկել է Վրաստանից թռչող սարքին բախվելու հետևանքով, երկու սարքերն էլ վնասվել են: