Վերջին օրերին վրացական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականի մասին լուրերը: Interpessnews գործակալության տեղեկատվությամբ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում արդեն ընդունվել է որոշում, ըստ որի` Բախտաձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում փոխարինելու է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Իսկ Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է «Վրացական երազանքի» հին դեմքերից Իրակլի Ղարիբաշվիլին:
Նշված տեղեկատվությունը իրենց հավաստի աղբյուրների վրա հիմնվելով տարածել են նաև TV Pirveli հեռուստաընկերությունը և BMG հրատարակությունը:
Ըստ տարածվող տեղեկատվությունների` իշխող կուսակցությունը վերջնական ընդունել է կառավարության կազմի փոփոխությունների մասին որոշում, և հավանաբար հաջորդ շաբաթ «Վրացական երազանքը» կհայտարարի նշված որոշումների մասին:
Մամուկա Բախտաձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում է արդեն մեկ տարի և երկու ամիս: Մինչ այդ նա զբաղեցնում էր Վրաստանի երկաթգծի գլխավոր տնօրենի, ապա երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը:
Գիորգի Գախարիան 2013 թվականից աշխատում էր, որպես բիզնեսօմբուդսման, ապա էկոնոմիկայի նախարար: 2017 թվականի նոյեմբերից Գախարիան նշանակվեց ՆԳ նախարար:
Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը: