Ծալկայի շրջան մտնելուն պես, երբ հասկանում են, որ հյուր ես տարածքում, հարցնում են «Կանիոնում եղե՞լ ես»…
Դարեր առաջ առաջացած հսկայական ճեղքը՝ կանյոն կոչվածը, Ծալկան երկու մասի է բաժանում: Ճեղքի մեջ՝ ժայռի մեջտեղից, ջուր է գալիս՝ առաջացնելով այն հրաշք տեսարանը, որն այդպես գրավում է այցելուներին:
Ճեղքի ամենագեղատեսիլ հատվածում հարմարորեն տեղավորված է հիմնականում հայերով բնակեցված Դաշբաշ գյուղը։ 2014 թվականի տվյալներով գյուղն ունի 295 բնակիչ։
Դաշբաշը հիմնադրել են Գուգարքից տեղափոխված հայերը` 1810-1813 թվականներին։ Հետագայում այստեղ հայեր են եկել նաև Էրզրումի վիլայեթից, Լոռու մարզից, մի քանի ընտանիք էլ՝ Ղարաբաղից: Հենց դա է պատճառը, որ Դաշբաշ գյուղի բնակիչների բարբառը տարբերվում է Ծալկայի մնացած գյուղերի բարբառներից:
Բնակիչներն այստեղ հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղական սովորական առօրյան, սակայն, մերթընդմերթ խախտվում է զբոսաշրջիկների այցելություններով։ Իսկ ապագայի գայթակղիչ տեսլականները նոր հույս են առաջ բերել։
Ծալկայի սակրեբուլոյում Դաշբաշ գյուղի պատգամավոր Արմեն Մկրտչյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վերջին 5-6 տարվա ընթացքում տուրիստների թիվը զգալիորեն ավելացել է։
Դաշբաշ այցելած բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ խոստումներ են տվել, որ ներդրումներ կարվեն, սակայն այդպես էլ խոստում է մնացել, և միայն անցած տարի, ինչպես ասում է պատգամավորը, հրեաներ են եկել տարածք, տեսել ջրվեժը և որոշել ներդրում անել՝ տուրիզմը զարգացնելու նպատակով:
«Այսպիսի մեծ մասշտաբով նախագիծ Վրաստանի տարածքում երևի թե դեռ չի արվել: Հրեաները ներդրել են 60 միլիոն դոլար. կկառուցեն ապակյա կամուրջ, որի վրա էլ կլինի մեծ համերգասրահ, լողավազաններ և ռեստորան-սրճարաններ, ինչպես նաև տարածքում մեծ հյուրանոց կկառուցվի», — ասում է Մկրտչյանը:
Դաշբաշ գյուղի բնակիչներն էլ ոգևորությամբ են խոսում ջրվեժի մասին. հպարտանում իրենց ունեցածով:
Ջրվեժի տարածքը նույնիսկ ձմռանն է կանաչ: Հետաքրքիր է, որ տարվա բոլոր եղանակներին գրեթե նույն ջերմաստիճանն է այդ տարածքում:
«Նոր, պարաններով, լուսավորված ճանապարհ կլինի ջրվեժի մոտ իջնելու համար: Նույնիսկ մութ ժամանակ հնարավոր կլինի իջնել», — ասում է պատգամավորը՝ հավելելով, որ տարածքի մաքրության համար արդեն նոր ընկերություն է ընտրվել։
Պատգամավորը գյուղի բնակիչներին կոչ է անում հյուրատներ սարքել։
Մկրտչյանը վստահ է՝ 3-4 տարի հետո Դաշբաշ գյուղը տնտեսապես շատ է աճելու: Ինչ վերաբերում է միգրացիային, ապա ըստ նրա՝ Դաշբաշից ոչ թե գնում, այլ գալիս են այստեղ:
Kass Lend հրեական ընկերությունը Վրաստանում մի քանի շինարարություն է իրականացնում, այդ թվում՝ Դաշբաշի կիրճում ժայռերը միացնող 240 մետր երկարությամբ ապակյա կամուրջ է կառուցում, որի վրա կլինի մոտ 100 հազար հոգանոց համերգասրահ, հյուրանոց, լողավազաններ և ռեստորան-սրճարաններ: Նախագծի գինը 60 միլիոն դոլար է: