ՆԳՆ-ն թաքցնում է «Գավրիլովի գիշերը» կիրառած ռետինե փամփուշտների թիվը․ On.ge

Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանոց ցույցը ցրելու նպատակով կիրառած արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների քանակը: Գրում է On.ge լրատվականը՝ հավելելով, որ գերատեսչությանն ուղղված հարցումը արդեն 40 օր անպատասխան է։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը: