«Հարմարվել եմ արդեն այն փաստի հետ, որ գաղտնալսումներ կան, այս մասին ես վաղուց եմ հայտարարել, հիմա ոչ միայն լսում, այլև ճնշում են գործադրում: Մեր կուսակցության վրա գործադրվող ճնշումները մեծանում են, սակայն մենք դրանք կհաղթահարենք։ Ինչպես գիտեք, որքան մեծ է ճնշումը՝ այնքան մեծ է հակազդեցությունը»,֊ այս մասին հայտարարել է «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության ղեկավար Պաատա Բուրճուլաձեն:
Քաղաքական գործիչը հաստատել է, որ Նիկա Գվարամիայի հետ ունեցած հեռախոսազրույցը կեղծված չի եղել: Բուրճուլաձեի խոսքերով հեռախոսազրույցից հանված է եղել այն հատվածը, որտեղ Բուրճուլաձեն նշել է, թե ինքը ժողովրդի՝ այլ ոչ թե «Վրացական երազանքի» կամ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչն է: Հեռախոսազրույցը, որը Նիկա Գվարամիայի խոսքերով սեպտեմբերի 8-ին է տեղի ունեցել, համացանցում տարածվել է սեպտեմբերի 14-ին։ Հեռախոսազրույցի վավերականությունը հաստատել է ինչպես Գվարամիան, այնպես էլ Բուրճուլաձեն։ Չնայած վերջինները ժխտում են, թե ձայնագրությունը իրենք են տարածել և դրա մեջ են մեղադրում Ազգային անվտանգության ծառայությանը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել անձնական նամակագրության, հեռախոսազրոույցների և հաղորդակցության ձևերի գաղտնիության խախտման փաստով: