«Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել, մեծ անակնկալ էր ինձ համար»։
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ամենաբարձր թվանշաններ ունեցող ուսանող, համալսարանի ավարտական արարողության օրը պարգևատրվել համալսարանի ռեկտորի կողմից:
Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է, սերը բժշկության հանդեպ առաջացել է մանկուց, մայրը բուժաշխատող է, սակայն ինքը բժշկական ֆակուլտետ որոշել էր ընդունվել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված՝ վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական կուրսում:
«Բժշկականը շատ էի սիրում, բայց տատանվում էի, մտածում էի իրավաբանական ընդունվել: Այս պահին գոհ եմ, որ ընտրել եմ բժշկականը: Արդեն 7 տարի՝ նախապատրաստական կուրսը ներառյալ, սովորել եմ, շարունակելու եմ ռեզիդենտուրայում, եթե ընտրեմ վիրաբուժությունը՝ կսովորեմ ևս 4 տարի »,- ասում է Վարդանյանը:
Ամփոփելով սովորած տարիները, Սամվելը պատմում է ամենատպավորված օրերից մեկի մասին՝ երբ համալսարանի դեկանատից կանչել էին հայտնելու, որ ամենաբարձր GPA ունեցող ուսանողն ինքն է: Ասում է՝ սկզբում չէին ասել թեման, որի շուրջ զրուցելու էին, ինչը և անհանգստացրել էր նրան:
Պարգևատրման օրը, երբ հնչեց Սամվել Վարդանյանի անունը, ներկա գտնվող 3000-ից ավելի հյուրերը ծափահարություններով ողջունեցին նրան, իսկ պարգևը՝ պատվոգիրն ու նվերը ստանալուց հետո՝ Սամվելի հետ միասին Հիպոկրատի երդումը կարդացին բժշկական ֆակուլտետի բոլոր շրջանավարտները:
Սամվելն ասում է՝ առջևում դեռ շատ հաղթանակներ կան՝ այդպիսի հաղթանակ էր 2-րդ կուրսից ի վեր կրթաթոշակ ստանալը, աշխատելը որպես բժշկի օգնական օնկոլոգիական բաժնում, համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատելը որպես կրտսեր բժիշկ: Առջևում է դեռ ուսման շարունակությունը, վերադարձը Ջավախք ու գործունեության շարունակությունը: