Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ շրջանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հայտնում են օսական լրատվամիջոցները:
Բիբիլովի համոզմամբ, Հվ. Օսիայի հանրապետության Ռուսաստանի կազմում ընդգրկվելը պատմական արդարությունը կվերականգնի, քանի որ ազգը չի կարող բաժանված ապրել:
«Ոչ մի դեպքում չի կարելի փոխել գաղափարախոսությունը, որն ուղղված է մեր միավորմանը: Իսկ գաղափարախոսությունը պետք է մեկը լինի և սա օս ազգի միավորումն ու զարգացումն է Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտարարել է Բիբիլովը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Հվ. Օսիայի առաջնորդը նմանատիպ հայտարարություններ է անում, այսպիսի հայտարարություններ արվում են հատկապես օգոստոսյան պատերազմի տարելիցների ժամանակ: