Թուրքիայի Ռիզե նահանգի Արդեշեն քաղաքում օգոստոսի 6-ի առավոտյան ծովը Վրաստանի քաղաքացու դի է դուրս բերել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ Միլիեթ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը: 26-ամյա Վրաստանի քաղաքացին, ով, ինչպես գրում է թերթը, Ռիզե է մեկնել թեյ հավաքելու նպատակով, շրջելիս է եղել ծովի ափին, ինչի ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և ընկել ծովը: Ոստիկաններն ու ափամերձ պաշտպանության աշխատակիցները ներգրավվել են որոնողական աշխատանքներում, սակայն վատ եղանակի պատճառով չի հաջողվել գտնել երիտասարդին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է դեպքը, սակայն ասում է, որ հյուպատոսարանն առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացել: Նշվում է, որ դին այժմ դատաբժշկական հետազոտության է ենթարկվում։