Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն երկրի ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանն ու միջազգային գործընկերներին է ներկայացրել ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առաջարկում է հետևյալ փոփոխությունները․
- 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով և զրոյական շեմով
- Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի առավել արդար և օբյեկտիվ մոդելով: Կուսակցությունը, որը կստանա առնվազն մեկ խորհրդարանական մանդատ, կստանա ֆինանսավորում նոր, թափանցիկ և հասկանալի բանաձևով՝ ըստ ստացած ձայների թվի: Փոքր կուսակցությունները կստանան համեմատաբար ավելի շատ ֆինանսավորում
- Խորհրդարան մտնող կուսակցությունը, որի ցուցակում յուրաքանչյուր երեք անդամից մեկը այլ սեռի ներկայացուցիչ կլինի, կստանա 30% հավելավճար
- Անվճար եթերաժամը քաղաքական կուսակցությունների միջև բաշխվելու է արդար և հավասարաչափ: Անթույլատրելի է, որ մի կողմը իր ժամանակը փոխանցի մյուս կողմին: Հեռուստատեսային բանավեճերին մասնակցությունը հավասարապես հասանելի կլինի
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և բոլոր այ մակարդակի ընտրական հանձնաժողովները կներկայացվեն 13 անդամներով
- Ընտրարշավների ֆինանսավորման վերահսկողությունը կլինի ավելի արդյունավետ, թափանցիկ և բյուրոկրատիայից զերծ
- Անվասայլակից օգտվող ընտրողները իրավունք կունենան քվեարկելու համապատասխան ընտրատարածքի հարմարեցված ընտրամասում, որի մասին պետք է հայտնեն ընտրությունից ամենաուշը 6 օր առաջ: Յուրաքանչյուր ընտրատարածք պետք է ունենա առնվազն երկու հարմարեցված տեղամաս
- Կկարգավորվի քվեաթերթիկի վավերականության ստուգման ձևը: Քվեաթերթիկն անվավեր կլինի միայն այն դեպքում, եթե ընտրողը ոչինչ չի նշել կամ նշել է մեկից ավելի թեկնածուի
Հիշեցնենք՝ 2020 թվականից Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով: Սա հունիսի 20-ին մեկնարկած թբիլիսյան մեծամասշտաբ բողոքի ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անմիջապես բավարարեց։ Բացի այն, որ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, անցողիկ շեմը կլինի 0 տոկոս:
Թեմայի մասին ավելի մանրամասն կարդացեք «Համամասնական ընտրություններ 2020-ից. ի՞նչ ռիսկեր է ենթադրում 0 տոկոսանոց շեմը» հոդվածում։