Վրացական ազգային տարադրամի՝ լարիի շարունակվող արժեզրկման պարագայում սեպտեմբերից հնարավոր է դեղամիջոցների գների թանկացում։ Այս մասին AMBEBI.GE լրատվականին ասել է դեղորայքային կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Իրինա Ճելիձեն:
«Այն դեպքում, եթե ազգային փոխարժեքը չկայունանա, այսինքն շարունակվի լարիի արժեզրկումը, բոլորը կվերանայեն գները․ մրցակցություն կա, բազմաթիվ գործոններ կան: Դեղամիջոցների 99%-ը ձեռք է բերվել դոլարով, շատ հնարավոր է, որ գնաճ արձանագրվի: Գուցե հիմնական կիրառման դեղամիջոցների գները չբարձրանան, սակայն ամեն դեպքում իրավիճակը կհանգեցնի դեղամիջոցների գների թանկացման»,- ասել է Ճելիձեն:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում լարին փաստացիորեն ամեն օր հերթական հակառեկորդն է արձանագրում: Բանկերում դոլարի փոխարժեքը գերազանցել է 3 լարին: Կենտրոնական բանկը ինտերվենցիայի մասին որոշում է կայացրել, որից հետո ազգային տարադրամի կայունացման միտում է նկատվում։