Այս տարի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը 3000-ից ավելի շրջանավարտ տվեց: Ավարտած ուսանողների թիվն աննախադեպ էր՝ ավարտական միջոցառումը նույնպես: Այս անգամ արարողությունն անցկացվեց «Սպորտի պալատում»: Նվագախմբի ուղեկցությամբ դահլիճ ներկայացան ավարտած ուսանողներն՝ ըստ ֆակուլտետների:
Կազմակերպիչների խոսքով, օրը յուրաքանչյուր ուսանողի համար առանձնահատուկ դարձնելու նպատակով որոշում էր կայացվել թվարկել բոլոր ավարտած ուսանողների անունները, ինչպես նաև միջոցառման շեշտը դնել ուսանողների հասած հաջողությունների վրա:
Այսպես, մի քանի տեսահոլովակ էր պատրաստվել՝ համաշխարհային հեղինակավոր Բուհեր ընդունված ԹՊՀ-ի արդեն նախկին ուսանողների մասնակցությամբ, միջոցառմանը հրավիրված էին մայր բուհ-ն ավարտած, այս պահին բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, իսկ արարողության վերջում հայտարարվեց յուրաքանչյուր ֆակուլտետից ամենաբարձր գնահատականներով ուսանողների անունները: Վերջիններս պարգևատրվեցին, իսկ բժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողը՝ Սամվել Վարդանյանը կարդաց Հիպոկրատի երդումը:
Համալսարանի հիմնը լսելուց հետո ուսանողները վեր նետեցին գլխարկները, իսկ ելույթ ունեցող դեկաններն ու Թբիլիսիի մայր բուհի ռեկտորը նշեցին՝ «ԹՊՀ-ն բրենդ է, դուք՝ այդ բրենդը կրողները, դուք հավերժ մնալու եք այս բուհի զավակներն ու շարունակելու նրա անունը բարձր պահելու ավանդույթը»: