Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կախեթիում մասնակցել է դեղձի բերքահավաքին։ Նախագահը թվիթերյան իր էջում տեղադրելով բերքահավաքից լուսանկարներ, նշել ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի էջն ու գրել. «Հեյ, Ջորջիա, մենք էլ ունենք դեղձեր»։
1995 թվականից Ջորջիա նահանգի մականունը դեղձի նահանգ է՝ Peach State: Հենց այս նահանգն է համարվում դեղձի բերքով առաջատարն ԱՄՆ-ում: Դեղձը նահանգի խորհրդանիշն է:
Զուրաբիշվիլիի թվիթերյան հրապարակման մեկնաբանություններում, սակայն, վրացի օգտատերերի արձագանքը բավական բացասական է: Օգտատերերը գրում են՝ «սոխ, կարտոֆիլ, հիմա էլ դեղձ», նկատի ունենալով նախագահական ընտրությունների ժամանակ տարածված լուրերը, թե ընտրողներին ընտրակաշառք է բաժանվել՝ մի քանի կգ սոխի ու կարտոֆիլի տեսքով: Մի քանի մեկնաբանություն էլ վերաբերում է երկրի տնտեսական վիճակին. «այն պահը, երբ երկիրդ տնտեսական կոլապսում է, իսկ դու դեղձով լուսանկար ես տեղադրում»,- գրում է մեկ այլ օգտատեր:
Զուրաբիշվիլին նաև եղել է Վաշլովանի արգելոցում, որտեղից անգլերենով տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով ամռանն այցելել Վրաստան: Այսպես նախագահը միացել է Spend summer in Georgia խորագրով քարոզարշավին, որը մեկնարկել է հունիսի 20-ի բազմահազար ցույցից հետո՝ Ռուսաստանի կողմից ավիափոխադրումներն արգելելու արդյունքում:
Իր ուղերձում Զուրաբիշվիլին ասում է՝ «Մենք գտնվում ենք Վաշլովանի այգում: Սա յուրահատուկ վայր է Եվրոպայում ու ողջ աշխարհում: Բոլոր մայրցամաքներից այստեղ են գալիս թռչուններով հիանալու համար: Այնպես որ, եթե սիրում եք նկարել յուրահատուկ թռչունների, այցելեք Վաշլովանի այգի, Կախեթի, Վրաստան»,- տեսաուղերձում ասում է Զուրաբիշվիլին:
Սակայն այս հրապարակումը նույնպես ուղեկցվում է բացասական մեկնաբանություններով: Ֆեյսբուքյան էջում մեկնաբանությունները փակվել են, այս պահին նոր մեկնաբանություն թողնել հնարավոր չէ: