«Հայատյացության հիմքը վրացական սոցցանցերում հատուկ նպատակով ստեղծված կեղծ խմբերի կողմից տարածվող իրականությանը չհամապատասխանող հատուկ նյութերն են»,- ասում է թբիլիսահայ 17-ամյա Վիկտոր Յագուտյանը՝ պատմելով վերջերս տեղի ունեցած «Իրական թե՞ հորինված» խորագրով մրցույթին իր և ընկերոջ՝ Ռուբեն Գուլասարյանի ներկայացրած թեմայի մասին, որը զբաղեցրել է պատվավոր 3-րդ տեղը:
Վիկտոր Յագուտյանը սովորում է 12-րդ դասարանում, ազատ տիրապետում է վրացերենին, իրեն համարում է ինտեգրված հայ, սակայն ասում է՝ հաճախ հայատյաց բնույթի հումորներ է լսում վրացի ընկերների կողմից: Արդեն մի քանի տարի է՝ հետաքրքրված է սոցցանցերում՝ հիմնական «ֆեյսբուք»-ի վրացական խմբերում տարածվող հայատյացություն սերմանող կեղծ նորություններով, արձագանքում է՝ մեկնաբանություններում գրելով, որ տվյալ նյութը իրականությանը չի համապատասխանում: Վիկտորը գտնում է, որ այս տարածքում հայատյացությունը վերացնել հնարավոր է ԶԼՄ-ների միջոցով: Ամիսներ առաջ իմացել էր նման նյութերի հետ կապված մրցույթի մասին ու ընկերոջ հետ որոշել էր դիմել, բարձրացնել խնդիրը՝ լսելի դարձնելով այն:
«Որպես հայ ինձ միշտ տհաճ է եղել կարդալ նման նորություններ, միշտ հետաքրքրել է՝ արդյո՞ք հայերն են գրում, թե օրինակ «խինկալին հայկական է․․․»։ Սկսեցի փնտրել հարցիս պատասխանը, շատ դեպքերում պարզում էի, որ հայատյացության ալիք ստեղծող նյութերը տարածվում են կեղծ խմբերի կողմից` դա անելով Վրաստանում հայատյացություն տարածելու նպատակով: Հիմնականում դրանով Kavkazplus-ն է զբաղվում»:
Վիկտոր Յագուտյանն ու Ռուբեն Գուլասարյանն ընտրել են կոնկրետ մեկ նյութ, որը կես միլիոն օգտատեր է տեսել: Նյութն իբրև թե տեղադրված է եղել I Love Armenia խմբում, վրացական խմբերում տարածվել է «Խինկալին հայկական ուտեստ է» նյութի «սքրինշոթ»-ով: Տղաները կարողացել են հաստատել, որ լուսանկարը կեղծ է, նման խումբ գոյություն չունի, ամենայն հավանականությամբ, ստեղծվել ու անմիջապես ջնջվել է: Վիկտորն ասում է՝ թեման ներկայացնելուց հետո, մասնակիցները ևս շնորհակալություն են հայտնել, նշելով, որ նման նյութեր տեսել են ու հավատացել, սակայն հիմա պատրաստվում են ստուգել:
«Խնդիրն այստեղ խինկալիի մեջ չէ, այսպես մարդկանց վերաբերմունքը պետք է փոխել, պայքարել հայատյացության դեմ՝ դա անելով միասին։ Միայն այդպես կարող ենք վերացնել հայատյացությունը Վրաստանում»,- հավելում է Յագուտյանը: