«Վրաստանում ոչ մի գործ չունենք»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի սպորտի, տուրիզմի և երիտասարդական գործերի հանձնաժողովի նախագահ Միխաիլ Դեգտիարովը:
Ժիրինովսկիի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամը Ռուսասանի քաղաքացիներին կոչ է արել Վրաստանի փոխարեն Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր մեկնել:
Դումայի պատգամավորը ճիշտ է համարել Վրաստանի հետ ավիաչվերթների դադարեցման մասին ընդունված որոշումը, քանի որ նրա կարծիքով Վրաստանում պաշտպանված չէ զբոսաշրջիկների անվտանգությունը: Մոսկվայում անցկացված գիտաժողովում Դեգտիարովը հայտարարել է, որ ռուսները վրաստանյան ուղղությունը հաջողությամբ կփոխարինեն Հյուսիսային Կովկասի մատչելի հանգստավայրերով:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ռուսական հարաբերությունների լարվածության արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվեց հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։