Սեպտեմբերի 13-ին Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած «Միջազգային ծովային ֆորում»-ի ընթացքում Վրաստանը համաձայնագրեր է ստորագրել Ուկրաինայի և Մալթայի հետ: Վերջինիս հետ կնքված համաձայնագիրը վերաբերվում է առևտրածովային նավարկության զարգացմանը, իսկ Ուկրաինայի հետ ստորագրած համաձայնագիրը` երկու երկրների նավահանգիստների միջև երկաթուղային լաստանավերի ազատ ջրային երթևեկությանը:
Մալթայի հանրապետության տրանսպորտի նախարար Ջո Միցիի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմեր Օմելիանի հետ համաձայնագրերը վրացական կողմից ստորագրել է փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացաման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
«Վրաստանի և Մալթայի ռեեստրներում գրանցված նավերին առանց խոչընդոտի միմյանց նավահանգիստներ մուտք գործելու հնարավորություն է ընձեռվում: Դա շատ կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», -ասել է Քումսիշվիլին:
Նա կարևորել է նաև Ուկրաինային հետ ձեռք բերված համաձայնությունը, նշելով. «Այն կհեշտացնի երկկողմ բեռնափոխադրումները: Այս համաձայնագիրը շատ կարևոր է հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանի տարածքով ուկրաինական բեռնափոխադրումները արգելված են»:
Համաձայնագրերի ստորագրմանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և «Միջազգային ծովային կազմակերպության» Գլխավոր քարտուղար Կիտակ Լիմին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: