«Ամոթ է» օր 28-րդ. Թբիլիսիում ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր հայտարարվել է «գրքի օր»:
«Բերե՛ք ձեր գրքերը, վաճառե՛ք, նվիրե՛ք, այցելե՛ք նոր գրքեր ձեռք բերելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ցույցերի կազմակերպիչներից Սալոմե Բարկերը: Տաղավարներում ներկայացված են լինելու վրաստանյան հայտնի հրատարակչությունները:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն ավելի քան 20 օր պահանջում են նախարարի հրաժարականը: