Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ ներքին գործերի նախարարի հրաժարականը հայրենիքի դավաճանություն կլինի: Իվանիշվիլիի խոսքերով, հունիսի 20-ի գիշերը ուժի կիրառման օրինականության հետ կապված հարցեր չկան:
«Հունիսի 21-ից ընդդիմությունը, հիմնականում «Ազգային շարժումն» ու նրա ակտիվիստները համառորեն պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Եվրոպան, որոնք տեսել են այդ տեսանյութերը, ոչ մի հարց չունեն ուժ կիրառելու լեգիտիմության հետ կապված: Երբ հաջորդ օրվանից հրաժարական են պահանջում, այստեղ ամեն ինչ պարզ է», — ասել է Իվանիշվիլին:
Ըստ նրա՝ ուժի կիրառումը լեգիտիմ, օրենքի սահմաններում է եղել և սրա հետ կապված ոչ մի հարց չպետք է լինի:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:
Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն մոտ մեկ ամիս է պահանջում են նախարարի հրաժարականը: