Վրաստանից տասը լրագրողներ, քաղաքագետներ Հայաստանում են՝ ծանոթանալու համար Հայաստանում 2018-ի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո առկա իրավիճակին, փոփոխություններին։
Նախաձեռնությունը՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի «Միմինո» ծրագրի շրջանակներում է տեղի ունենում։
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը «Ալիք մեդիային» ասում է, որ մինչ այս բազմաթիվ ծրագրեր են ունեցել հայ և վրացի երիտասարդների հետ և պարբերաբար կազմակերպում են երիտասարդական հանդիպումներ։
«Նախկինում եղած հանդիպումը կոչեցինք «Միմինո»։ Մենք որոշեցինք, որ պետք է շարունակել հանդիպումները, քանի որ հարևաններ լինելով շատ քիչ բան գիտենք իրար մասին։ Ժամանակին մենք միշտ կարծես նախանձով նայում էինք Վրաստանի փոփոխություններին, այդ ամենը շատ հեռու էր թվում մեզնից, մինչդեռ այսօր, երբ 2018-ի ապրիլին մեզ մոտ՝ Հայաստանում էլ տեղի ունեցավ հեղափոխութուն, մենք հարկ համարեցինք այս երիտասարդներին ևս մեկ անգամ էլ բերել այստեղ, պատմել տեղի ունեցածի մասին, ներկայացնել փոփոխությունները»,-պատմում է Շահինյանը։
Ծրագրի մասնակիցները Հայաստանում չորս օր են անցկացնում, եղել են տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ։
Հերթական հանդիպումը «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբում էր․ ծրագրի մասնակիցները հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Սարգիս Խանդանյանին ու Սոնա Ղազարյանին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հետաքրքրվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքների և այլ հարցերի մասին։
«Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ 2017-ին եմ եղել, մենք տարբեր հանդիպումներ անցկացրինք այս օրերի ընթացքում և ինձ համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանը նոր աստիճանի վրա է այժմ, ես լիովին հավատացած եմ, որ ճիշտ ուղու վրա եք և պետք է ասեմ, որ այս օրերին զգացի՝ մարդիկ շատ ավելի ազատ են դարձել հեղափոխությունից հետո, սա ինձ շատ է ուրախացնում։ Լավագույնն եմ մաղթում մեր հարևաններին»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է լրագրող Ռուսուդան Էփաձեն։
Թբիլիսիի Թոմաս Ջեֆերսոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Զուրա Գորգոձեն այս հանդիպումները ևս շատ կարևոր է համարում։
«Շատ հագեցած ծրագրով ենք այստեղ, այս կարճ օրերի ընթացքում հասկացանք, թե ինչքան բան է փոխվել հետհեղափոխական Հայաստանում։ Շատ տպավորված ենք բոլորս էլ։ Հետաքրքիր քննարկումներ ունեցանք այս չորս օրերի ընթացքում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլ հարցերի շուրջ»,- ասում է Գորգոձեն։
Գյուլնարա Շահինյանը նշում է, որ նույն ծրագրի շրջանակներում օրեր անց արդեն Հայաստանից երիտասարդներ կմեկնեն Վրաստան։ Իսկ ծրագրի ամփոփման համար որոշել են կայք ստեղծել, որտեղ կհավաքագրվեն այս հանդիպումների տպավորությունների մասին հոդվածները։