Այսօր` հուլիսի 13-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նորակառույց ճանապարհի բացման արարողությունը: Հեշտիա գյուղ էին ժամանել Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, շրջանի պատգամավորը: Գյուղի մուտքի դիմաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիսավորությամբ կտրեցին կարմիր ժապավենը, հանդես եկան շնորհավորական խոսքով:
Նորակառույց ճանապարհը մեծ ուրախություն է պարգևել ինչպես Հեշտիայի բնակիչներին, այնպես էլ համայնքի մնացած՝ Ղաուրմա, Թորիա և Ուչմանա գյուղերի բնակիչներին, չնայած այն բանին, որ Հեշտիայից մինչև Թորիա և Ուչմանա գյուղեր տանող ճանապարհները դեռևս վատթար վիճակում են:
Հեշտիայի բնակիչ Համլետ Արոյանի խոսքերով, դեռ Խորհրդային միության ժամանակ խոսվում էր Նինոծմինդայից Հեշտիա տանող ճանապարհի ասֆալտապատման մասին, սակայն ինչպես տեսնում ենք, այն միայն 2019 թվականին իրականություն դարձավ:
«Այս ուրախ դեմքերը տեսնելու համար մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել այս աշխատանքն իրականացնողներին՝ մեր շրջանի կառավարությանը»,- ասում է Արոյանը:
Ուչմանայի բնակչի խոսքերով չնայած այն բանին, որ մեկ տարով ասֆալտապատումը ուշացավ այնուամենայնիվ ուրախ են, քանի որ սա տարիների երազանք է եղել:
«Մեծ հույս ունենք, որ ասֆալտապատումը կշարունակվի և կհասնի Ուչմանա և Թորիա գյուղեր: Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն, մենք էլ հույս ունենք, որ մեր չափանիշները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին և կկարողանանք զարգանալ: Ամեն դեպքում պետք է լավատեսությամբ տրամադրվենք»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Լաերտ Հովհաննիսյանը:
Թորիայի բնակիչ Արտյոմ Պետրոսյանը իր երախտագիտությունն է հայտնում շրջանի իշխանություններին կատարած աշխատանքի համար, և նշում, որ չնայաց ասֆալտի Թորիա չհասնելուն, ամեն դեպքում սա թորիացիների համար նույնպես մեծ օգուտ էր:
«Առաջիկայում հույս ունենք, որ կասֆալտապատվի թե մեր, թե Ուչմանա տանող ճանապարհը, ինչը կնպաստի գյուղերի զարգացմանը, որոնք կկարողանան ավելի սերտ կապ հաստատել քաղաքի հետ: Բարեկարգ ճանապարհով, Նինոծմինդայում աշխատանք գտնելու դեպքում, հնարավոր կլինի առանց խնդիրների աշխատանքի գնալ-գալ, առևտուր անել: Իմ կարծիքով 21-րդ դարում եթե գյուղերը չեն կարող նորմալ կապ հաստատել քաղաքի հետ, ապա զարգանալ հնարավոր չէ, իսկ կապի ամենակարևոր բաղադրիչը ճանապարհն է»,- ասում է Արտյոմը:
Նինոծմինդայի սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանի խոսքերով, նախագծի համար տրամադրվել էր 1 մլն 791 հազար 528 լարի գումար, հայտարարված տենդերը շահել էր «QOST POINT» ճանապարհաշինական ընկերությունը 1 մլն 545 հազար 782 լարի առաջարկով:
«Անցած տարի շինարարական աշխատանքներն անփույթ կատարելու հետևանքով, մենք պահանջեցինք դադարեցնել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանները նույնպես բարենպաստ չէին: Այս տարի նույն ընկերությունը շարունակեց աշխատանքը և ինչպես տեսնում ենք ունենք լավ որակի ասֆալտ: Ուզում եմ շնորհավորել Հեշտիայի համայնքի բոլոր բնակիչներին, որը մեզ համար դարի երազանք էր: Հիմա մենք ունենք մի պահանջ որպեսզի այս ճանապարհը շարունակվի և մեր քաղաքացիները իրենց լիարժեք զգան»,- նշեց պատգամավորը:
Հեշտիայի գյուղական համայնքում քաղաքապետի ներկայացուցիչ Յեգոր Քոթոյանը ընդհանրացնելով անցած տարիների աշխատանքը նշեց, որ Նինոծմինդա-Հեշտիա ավտոճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ և տարիների ընթացքում ասֆալտապատվել է 3,5 կիլոմետր ճանապարհ, իսկ այս տարի 4,5 կմ ասֆալտապատվեց ու հասցվեց մինչև Հեշտիա գյուղ:
«Մենք այսքանով չենք բավարարվում, քանի որ Հեշտիայի գյուղական համայնքը բաղկացած է չորս գյուղերից: Մեր հաշվարկներով Հեշտիայից Ուչմանա և Թորիա գյուղեր տանող ճանապարհը իրար հետ մոտավորապես կազմում է 5 500 մետր: Աշխատելու ենք, որ 2020 թվականին քաղաքապետարանը միջոցներ գտնի այս ճանապարների ասֆալտապատման համար, քանի որ ճանապարհները գրեթե բոլոր տեսակի ավտմեքենաների համար խնդիրներ են ստեղծում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի ներկայացուցիչը հավելելով, որ մինչև 2021 թվականը կասֆալտապատվի դեպի Թորիա և Ուչմանա տանող ճանապարները: