Վրացական հիմնական ավիափոխադրողը՝ Georgian airways-ը Թբիլիսի-Մոսկվա չվերթի այլընտրանք է գտել՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա:
Փոխվել է չվերթի ուղղությունը, փոխվել է նաև գինը՝ ավելացել: Նոր չվերթի՝ նոր գինը 299 դոլար՝ նախկին 220-ի փոխարեն: Սա այն 39 հազար ուղևորի համար է, ովքեր ավիատոմսեր են ամրագրել՝ մինչև ՌԴ-ի նախագահ Պուտինի՝ ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշումը: Հոկտեմբերից լինելու են նոր սակագներ: Թբիլիսի-Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթը՝ ամեն օր է, ցերեկային ժամերին, Մոսկվա մեկնողները ինքնաթիռը չեն փոխում.
«Հունիսի 20-ից պլան ենք մշակել, որպեսզի պատրաստ լինենք բոլոր որոշումներին, որոնք մեզնից կախված չեն: Ձեռնարկել ենք տակտիկական-ռազմավարական միջոցներ՝ հազարավոր այն ուղևորների համար, ովքեր մինչև հոկտեմբեր ամրագրել են ու պետք է մեկնեն Թբիլիսիից կամ ժամանեն Թբիլիսի, այդ պատճառով Հայկական ավիաուղիների հետ գործընկերություն ենք ստեղծել: Մենք կապ ունենք մեր բոլոր հաճախորդների հետ, մոտ 197 հազար հեռախոսազանգ ենք ստացել: Մեր հաճախորդները մեզնից այլընտրանք են սպասում, հսկայական օպերատիվ աշխատանք է տարվում այս պահին՝ ուղևորների համար հարմարավետություն ապահովելու ուղղությամբ: Սա շատ բարդ է, բոլորի հետ անհատական ենք աշխատում»,- ասում է Georgian airways ավիաընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Թամունա Տանդաշվիլին:
Նա ասում է, որ ամրագրումների 30 տոկոսն արդեն չեղարկվել է: Հիմնական պատճառը՝ ուղևորների վախն է, որ Վրաստանում նրանց համար ապահով չէ: Մնացած 70 տոկոսի համար, ըստ ընկերության փոխտնօրենի՝ ամենաշահավետը Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտն է. ընտրված են լավագույն պայմանները. թռիչքի ժամերը հարմար են, բեռները և ուղևորները չեն տեղափոխվելու: Տանդաշվիլին ասում է, որ սա ի վնաս ավիաընկերության է, սակայն եթե ընկերությունը չգնա այս քայլերին, վնաս կլինի պետության համար:
«Ամենակարևորը, որ մենք ապահովում ենք անվտանգությունն ու հարմարավետությունը: Այսօր մեր ծառայությունները պահանջարկ ունեն: Չնայած պետական կառույցների արգելքներին՝ ՌԴ քաղաքացիներն ուզում են գալ Վրաստան, վրաստանցիներն ուզում են Ռուսաստան մեկնել: Մենք մեր հայ գործընկերների հետ ապահովում ենք այդ պահանջարկը: Հիանալի համագործակցություն է ստացվում: Մեր ամենամոտ, եղբայրական ազգն է: Ես գտնում եմ, որ սա թյուրիմացություն է, որը շուտով հարթվելու է, ու շնորհակալ ենք, որ այս պահին հայկական ավիաընկերություններն օգնում են մեզ ապահովել մեր ուղևորների տրանզիտը՝ Հայաստանի միջոցով»,- Ալիքին փոխանցեց Georgian airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան:
Georgian airways-ը մեկնարկել է նաև Բաթումի-Երևան-Մոսկվա-Երևան-Բաթումի նոր ուղղությունը:
Ինչ վերաբերում է Թբիլիսի-Երևան ուղիղ չվերթի թանկացմանը, (տոմսը մեկ ամսվա ընթացքում գրեթե եռակի թանկացել է), Georgian airways-ի ղեկավարությունը պայմանավորում է միայն զբոսաշրջային թեժ սեզոնի հետ: Թամունա Տանդաշվիլին բացատրում է՝ սա սեզոնին հատուկ թանկացում է, և քանի որ ուղևորների քանակն այս պահին շատ է, ու նաև բոլոր բյուջետային տոմսերը սպառվել են, մնացել են ամենաթանկ տարբերակները:
Օրերս տեղեկատվություն էր հայտնվել մամուլում, որ ՌԴ-Վրաստան ավիաչվերթները ևս հնարավոր է վերականգնվեն՝ երկրում ռուսատյացության ալիքը մարելու դեպքում: Georgian airways-ն այս մասին պաշտոնական նամակ չի ստացել:
Ռոման Բոկերիայի հարցազրույցի տեսագրությունը՝