Պատրաստ էինք վիրահատելու երեխային. Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար

Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցի վերակենդանացան բաժանմունքի ղեկավար Մակա Թեւդաձեն, ով Գորիի մոտակայքում հուլիսի 7-ին վթարից տուժած 14-ամյա Միհրան Միրիջանյանի բուժող բժիշկն է, երկար ժամանակ թվարկում էր նրա  վնասվածքները.

«Հիվանդը մեզ մոտ է ընդունվել շատ ծանր վիճակում, արհեստական շնչառության սարք է միացվել, բազմաթիվ վնասվածքներ ուներ, բաց արնահոսություն, գլխամաշկի բաց վնասվածք, աջ ծնկի բաց կոտրվածք, դեմքի և այլ կոտրվածքներ, սուբդուրալ արնազեղում, պետք է կրկնեմ, որ կրիտիկական վիճակում է մեզ մոտ ընդունվել, արյան ճնշումը պահելու միջոցներ են ձեռնարկվել, մի խոսքով կարողացանք կայունացնել նրա վիճակը, դեղամիջոցների շնորհիվ հաջողվեց ճնշումը կարգավորել»:

Մակա Թեւդաձեն Ալիքի հետ զրույցում ասաց, որ նաև հակաբակտերիալ բուժում են տարել, վարակից խուսափելու համար օգտագործել են հակաբիոտիկներ բուժման ֆոնին հաջողվել է ինչ-որ չափով կայունացնել երեխայի վիճակը:

«Այսօր որոշում էինք, որ  վնասվածքաբաններն ու այլ վիրաբույժներ ևս միանան մեզ, ներառվեն բուժման պրոցեսում,: Մենք պատրաստ էինք վիրահատություններ իրականացնել մեզ մոտ, սակայն հայկական կողմը հրաժարվեց»,-ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ երեխային Հայաստան տեղափոխելու որոշում էր կայացվել, նա արդեն հայկական կողմում է, գտնվում է դեղորայքային քնի մեջ: