Երեկ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվել են ողջ գիշեր։ Երկրի ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով շարունակվող ակցիայի և ԼԳՏՊ համայնքի միջոցառումների դեմ դուրս եկած ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, միմյանց վրա շշեր են նետվել:
Այս պահին ևս երկու ակցիաների մասնակիցներն էլ գտնվում են խորհրդարանի առջև, տեղում մոբիլիզացված են նաև ոստիկանական ուժեր:
Արդեն մի քանի օր շարունակվող հակառուսական ակցիայի մասնակիցները, որ այսօր պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ողջ գիշերվա ընթացքում փորձում էին միանալ նույն պահանջով ոստիկանական պատի մյուս կողմում գտնվող խմբին։ Նրանք միայն լուսադեմին կարողացան անցնել խորհրդարանին ավելի մոտ, երբ ոստիկանները բացեցին դեղին ավտոբուսներով փակած պատը:
Երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում վերականգնվել է առավոտյան: