Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գիորգի Գաբունիային խորհուրդ է տալիս Ռուսաստանի նախագահի հասցեին արած արտահայտություններից հետո թաքնվել, քանի որ «կան միլիոնավոր երիտասարդներ, ովքեր հարգում են ՌԴ նախագահին»:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Կադիրովը Գաբունիային «ոչնչություն» է որակում, նրան չի համարում «Կովկասի որդի», քանի որ ըստ նրա, Կովկասում նման խոսքերով նույնիսկ թշնամուն չեն դիմում:
Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», սկսել է հայհոյել: