«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝
- Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում գրանցել է օրինագիծ, որի համաձայն 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով, 0-ական շեմով և առանց դաշինքների: Համապատասխան օրինագծով փոփոխություններ կմտցվեն Վրաստանի սահմանադրության մեջ: Առավել մանրամասն այստեղ.
- Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն վերջին զարգացումների պատճառով հարցը հետաձգվեց:
- Հունիսի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից հետո ադրբեջանական որոշ կայքեր գրում էին, թե ցույցերը Վրաստանում կազմակերպվում են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից, այսպիսով կարծես փորձ անելով Վրաստանում հակահայկական բողոքի ալիք հրահրել, ինչպես նաև ազդել դրական միտում ունեցող հայ-վրացական հարաբերությունների վրա: Թեմայի մասին ավելի մանրամասն այստեղ.
-
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է ԱՄՆ-ին` անկախության օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ մեր ամերիկացի ընկերներին: Թեև սա զուտ ամերիկյան տոն է, սակայն ամբողջ աշխարհի համար էլ այս օրն ինքնորոշման և միասնության խորհրդանիշ է: Վրաստանի կառավարության անունից բոլորիդ ցանկանում եմ ուրախ անկախության օր»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:
-
Հուլիսի 4-ից հանրային տրանսպորտով առանց ուղեվարձ ճանապարհորդելու համար տուգանքը ավելացավ: «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» նշված փոփոխությունները խորհրդարանը հաստատել է այս տարվա ընթացքում: Օրենքում նշվում է, որ ուղևորը պարտավոր է տոմս վերցնել տրանսպորտ նստելուն պես, հակառակ դեպքում նա կտուգանվի՝ նախկին 5 լարիի փոխարեն 20 լարիով։ Բացի այդ, տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում, կավելանա հավելյալ 40-50 լարի:
- Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ Թբիլիսիում հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած բախումների գործով 4 անձ է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում անկարգություններ հրահրելու և ոստիկանների վրա հարձակվելու մեջ։ «Հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, ապացույցների և դատական որոշումներից հետո փուլ առ փուլ կտրվի համապատասխան իրավական արձագանքը»,- հայտարարել են ՆԳՆ-ից։