Վրաստանում մեկնարկած ընդհանուր միասնական քննությունների ժամանակ Թբիլիսիի քննական կենտրոններից մեկում երկու դիմորդ հանվել է քննասենյակից:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգաձեի խոսքերով, մեկ դեպքում դիմորդի փոխարեն մեկ այլ անձ է փորձել մուտք գործել քննության, իսկ երկրորդ դեպքում, քննչական կենտրոնի դիտորդները դիմորդի գրպանից բջջային հեռախոս են գտել:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ բջջային հեռախոս կամ այլ ոչ թույլատրելի իր քննության ընթացքում հայտնաբերելու դեպքում դիմորդը դուրս է հանվում է քննասենյակից: Քննական հարցաշարն այնպես է կազմված, որ ոչ մի ծածկաթուղթ չի օգնի ձեզ քննության ընթացքում, միայն ավելի կբարդացնի իրավիճակը», — հայտարարել է Գորգաձեն:
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին Վրաստանում մեկնարկել են միասնական ազգային քննութունները: Առաջին քննությունը վրաց լեզվից էր:
Այս տարի Վրաստանի 11 քաղաքում բացվել է 23 քննական կենտրոն՝ հագեցած համապատասխան օդակարգավորման համակարգերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Քննական կենտրոնի հարակից տարածքում մոբիլիզացված են շտապ օգնության մեքենաներ, փրկարար ծառայության և պարեկային ոստիկանության աշխատակիցներ:
2019 թվականի ազգային քննություններին գրանցվել է շուրջ 41 հազար դիմորդ: Քննությունները կավարտվեն հուլիսի 23-ին՝ ֆիզիկայի քննությամբ: