«Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» բլոկը ստեղծվել է ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին: Բլոկի կազմում են «Շարժում-պետությունը ժողովրդի համար», «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունները: Բլոկի ղեկավարներն են Պաատա Բուրճուլաձեն եւ Գիորգի Վաշաձեն: Հիշյալ բլոկն ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո: Ոչ ֆորմալ ձևով այս միավորման կազմում է նաև «Գիրչի» կամ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն: Կուսակցությունները միավորվել են` ելնելով ընդհանուր հետաքրքրություններից: Դրանք են` ձգտում դեպի Արեւմուտք, Վրաստանում աղքատության վերացում ու տնտեսության արագ զարգացում: Անդրադառնանք բլոկի մաս կազմող կուսակցություններին։
«Շարժում-պետությունը ժողովրդի համար»
«Պետությունը ժողովրդի համար» շարժումը կուսակցությունը հիմնել է վրացի հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն: Նա ծնվել է 1955 թ-ին: Օպերային հայտնի երգիչը մեծ բեմից մեծ քաղաքականություն է անցել բոլորովին վերջերս: Նրա օպերային կարիերան մեկնարկել է Թբիլիսիի Օպերայի եւ բալետի թատրոնից, դեբյուտը ներկայացրել է Լոնդոնի «Քովենտ Գարդեն» օպերայում (1984թ.), որին հաջորդել են հաջողությունները Միլանի «Լա Սկալա»-ում, Վիեննայի պետական օպերայում: Օպերային կարիերայի ընթացքում Բուրճուլաձեն պարբերաբար այցելում էր Վրաստան, համերգներ տալիս, մասնակցում կարևոր միջոցառումներին:
Մի հետաքրքիր փաստ, որի մասին գրել են վրացական տարբեր լրատվամիջոցները և որոնք հաստատել է ինքը` Բուրճուլաձեն: Տարբեր ժամանակահատվածներում Վրաստանում իշխող կուսակցությունները Բուրճուլաձեին առաջարկել են քաղաքականություն մտնել: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան 90-ականների սկզբին երիտասարդ երգչին առաջարկում է «Կլոր սեղան-ազատ Վրաստան»-ի (Գամսախուրդիայի շուրջ միավորված կուսակցությունների բլոկ) անդամ դառնալ, իսկ երկրորդ նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի կառավարման տարիներին, Բուճուլաձեին խորհուրդ են տվել օրենսդիր գործունեությամբ զբաղվել` մուտք գործելով խորհրդարան: Նախկին` «Միացյալ ազգային շարժում»-ը, Միխեիլ Սահակաշվիլիի՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու ժամանակ, Բուճուլաձեին առաջարկել է համալրել կուսակցության շարքերը։
Առաջարկություն է եղել նաեւ ներկայում իշխող` «Վրացական երազանք» կուսակցության կողմից, սակայն Բուրճուլաձեն պատասխանել է, որ քաղաքականություն է գալիս, բայց դեռեւս իր կողմից ստեղծված հիմնադրամի միջոցսով: Այս առիթով ուշագրավ է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի արձագանքը․ «Մենք հանդիպել ենք 5-10 րոպեով, այդ ընթացքում Բուրճուլաձեի ձեռքին նկատեցի Ուգուլավայի (Սահակաշվիլիի կողմնակից, Թբիլիսիի նախկին քաղաքապետ խմբ.) պարգևը`ժամացույցը, ի՞նչ պիտի ասեի…»:
Այսպիսով 2015 թ. նոյեմբերին Բուրճուլաձեն ստեղծում է «Վրաստանի զարգացման հիմնադրամը»` նպատակ ունենալով քննարկել ու լուծել երկրի համար ակտուալ հարցերը: Վրացական որոշ լրատվամիջոցներ ուշադրությունը սևեռում են հատկապես այն հանգամանքի վրա, որ Բուրճուլաձեն վրացական քաղաքականություն մտնելու իր առաջին փորձը փոխեց հանրահայտ թատրոնների հետ կնքած բազմաթիվ աշխատանքային պայմանագրերի հետ: Այս տարվա մայիս ամսին, Բուրճուլաձեն արդեն հանդես եկավ «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությամբ, որը շատ կարճ ժամանակ անց որոշեց ընտրություններին մասնակցել այլ ուժերի հետ մեկ դաշինքում:
Քաղաքականություն մտնելու վերաբերյալ Բուրճուլաձեն ասել է. «Ողջ կյանքիս ընթացքում ինձ ժողովուրդը դիմավորել է ծափերով, այժմ ժամանակն է, որ ես նրանց իմ շնորհակալությունը հայտնեմ…»:
«Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»
«Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»-ի ղեկավարը Գիորգի Վաշաձեն է: Երիտասարդ քաղաքական գործիչը մի քանի մասնագիտություն ունի՝ պետության կառավարում-մագիստրոսի աստիճան, բիզնես մենեջմենտ, իրավագիտություն: Նա Միխաիլ Սահակաշվիլիի կառավարության տարիներին՝ 2010-2012թթ., զբաղեցրել է Վրաստանի Արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Ղեկավարել է նաև քաղաքացիական ռեեստրը փոխտնօրենի պաշտոնը, եղել է Վրաստանի խորհրդարանի Տարածքային ամբողջականության հանձնաժողովի հրավիրված փորձագետ: Վաշաձեի անվան հետ են կապվում այդ տարիներին իրականացված մի շարք ծրագրեր՝ կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի, թվային ստորագրության ու քաղաքացիների համար www.my.gov.ge ինտերնետ պորտալի ստեղծումը, ինչպես նաև մի շարք այլ նորամուծություններ: Նա է հիմնադրել նաեւ «Նորամուծությունների եւ զարգացման» հիմնադրամը, որը գործում է նաև Ուկրաինայում: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին այժմ Ուկրաինայի Օդեսայի նահանգապետն է:
Հատկանշական է, որ 2012թ. հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Վաշաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրացուցակով մուտք գործեց խորհրդարան: Հիշեցնենք, որ հենց այդ ընտրություններում Սահակաշվիլիի գլխավորած կուսակցությունը պարտվեց, և երկիրը փոխված Սահմանդրության համաձայն նախագահականից վերածվեց խորհրդարանականի:
Նույնքան հատկանշական է այն փաստը, որ Վաշաձեն որոշեց 2016-ի ընտրությունների նախաշեմին լքել «Միացյալ ազգային շարժում»-ը (2015թ. մայիսի 5): Նա իր քայլը բացատրեց այսպես. «Կուսակցությունը չի իրականացրել տրված խոստումները»: Վաշաձեի համաձայն, խնդիրը կուսակցության վարած քաղաքականության մեջ է, քանի որ այն փակ՝ կաբինետային համակարգով է աշխատում: Այդ պահից Վաշաձեն հրաժարվեց «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական «երաշխավորված աթոռից»` ստեղծելով «Նոր Վրաստան» կուսակցությունը:
Ասեկոսների համաձայն, Վաշաձեի նոր կուսակցությունը ղեկավարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից, սակայն Վաշաձեն հերքել է այդ լուրերը: Իսկ վերջերս «Ալիք»-ին տված հարցազրույցում կտրականապես հերքել է «Միացյալ ազգային շարժում» վերադառնալու հնարավորությունը: Ու չնայած այս ամենին, Վաշաձեն «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր-ղեկավար, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին իր ընկերն է համարում. «Թեև նախկին նախագահը կարծում է, թե ես Բիձինա Իվանիշվիլիի շարքերում եմ, միեւնույն է՝ նա իմ ընկերն է…»:
Վաշաձեն «Նոր Վրաստան» կուսակցությունը հանրությանն է ներկայացրել հունիսի 3-ին՝ Թբիլիսիիում գտնվող խորհրդարանի շենքի մոտ: Վաշաձեն վստահ է, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթելու դեպքում Վրաստանում արժանի կյանքով, խաղաղ ու անհոգ ապրելու, աշխատանք ունենանալու հնարավորություն է ընձեռնելու:
«Նոր աջեր»
«Նոր աջեր»-ը ղեկավարում է Մամուկա Կացիտաձեն: Նա ակտիվ գործունեություն է սկսել վարել դեռեւս 1990թ֊ին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո: Կացիտաձեն հիմնականում ներգրավված է եղել երիտասարդական կազմակերպությունների գործունեությունում: «Նոր աջեր» կուսակցությունը հիմնել է 2001թ. հունիսի 15-ին: 2002թ. ընտրվել է Թբիլիսիի ավագանու՝ սակրեբուլոյի ղեկավար, 2004 թ-ին «Աջակողմյան ընդդիմություն-արդյունաբերողներ նորեր»-ի ընտրացուցակով անցել է խորհրդարան, իսկ 2008-ին` «Միավորված ըննդիմություն» կուսակցության ընտրացուցակով: Սակայն նույն թվականին, նա հրաժարվեց պատգամավորական մանդատից` նշելով, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:
«Նոր աջեր» կուսակցության ընտրական ծրագրի հիմական կետերը վերաբերում են կրթությանը` «Կրթությունը որպես ապագայի ներդրում», ազատ բիզնեսին ու Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Մամուկա Կացիտաձեն հանդիսանում է «Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» բլոկի՝ Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասի 6-րդ ընտրատեղամասի մեծամասնական թեկնածուն:
«Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»
«Գիրչի» կամ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության ղեկավարը Զուրաբ Ջափարիձեն է: Նա հեռանալով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից՝ քաղաքական նոր ուժ է հիմնել: Այս պահին «Գիրչի»-ի կազմում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 3 նախկին անդամ՝ կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Զուրաբ Ջափարիձեն, խորհրդարանի անդամներ Գոգա Խաչիձեն եւ Պավլե Կուբլաշվիլին, ովքեր 2015թ-ին՝ թողնելով զբաղեցրած պաշտոնները, հեռացել են կուսակցության շարքերից: Զուրաբ Ջափարիձեի թեկնածությունն առաջադրվել է «Պաատա Բուրճուլաձե-պետությունը ժողովրդի համար» բլոկի մեծամասնական ընտրակարգով՝ Վակե թաղամասի երկրորդ ընտրատեղամասում:
Քաղաքական այս ուժը նույնպես համարվում է բլոկի անդամ, սակայն ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո: Սա Ջափարիձեն բացատրել է ներկուսակցական համաձայնեցմամբ: «Գիրչի»-ն իր ընտրական ծրագրով խոստանում է յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ քաղաքական կյանքում ներգրավվելու հնարավորություն ընձեռել, բաց եւ ազատ խորհրդարանական ցուցակներ ներկայացնել, ժողովրդի մտահղացումներին ու նորամուծություններին խորհրդարանական աջակցություն տալ: Ծրագրի հիմնական կետերից մեկը Վրաստանի քաղաքացիներին հարստացնելն է: Դա կուսակցությունը անելու է ընտրվելուց հետո երկու տարվա ընթացքում, ընդ որում այդ ժամանակահատվածում վստահեցնում է, որ երկրի վիճակն ավելի լավ է լինելու, քան՝ Ալբանիայում: Իսկ ահա «Գիրչի»-ի կառավարման առաջին երեք տարիներին երկիրը նմանվելու է Սերբիային, հինգ տարի անց` Բուլգարիային, 6 տարվա ընթացքում մարդիկ չեն ցանկանալու աշխատելու նպատակով Թուրքիա մեկնել:
Ընտրական բլոկն արդեն ներկայացրել է տնտեսական ծրագիրը, որտեղ խոստանում է հարկերի և բյուրոկրատական ծախսերի նվազեցում: Բլոկի անդամները քննարկել են նաեւ Կառավարության կազմի կրճատման, առողջապահության հետ կապված հարցեր: Բլոկը դեռեւս չի ներկայացրել ամբողջական ընտրական ծրագիրը: Ինչ վերաբերվում է ազգային փոքրամասնություններին՝ բլոկի ներկայացուցիչների բացատրմամբ, իրենց քաղաքականությունը հետեւյալն է՝ «բոլոր քաղաքացիները հավասար են»: