Եթե ցուցարարների պահանջները մինչև ժամը 14:00-ն չբավարարվեն, Ռուսթավելիի պողոտայում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կմեկնարկի թվով 4-րդ բողոքի ցույցը:
Անփոփոխ են ակցիայի մասնակիցների պահանջները.
- ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
- Ազատ արձակվեն բոլոր այն մարդիկ, որոնք ձերբակալվել են հունիսի 20-ի բողոքի ակցիան ցրելիս
- Պատժվեն բոլոր այն իրավապահները, ովքեր հունիսի 20-ի ցույցը ցրելիս բռնություն են կիրառել
- 2020 թվականից ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով
Հիշեցնենք, որ նախօրեի ցույցն ավարտվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ: Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները ձեռքները վեր պարզած՝ որպես մաքրության նշան, երթով շարժվել էին դեպի կուսակցության գրասենյակ: Սակայն տեղում նրանց իրավապահների կենդանի պատ էր սպասում:
«Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ցույցը տևեց 15 րոպե: Մասնակիցները այնտեղ էլ կրկնեցին պահանջները:
Այսօր արդեն նրանք նշում են, որ իրենց պահանջը չկատարվելու դեպքում երիտասարդների մի խումբը հացադուլ կսկսի: