Մառնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան գյուղի թիվ 1 դպրոցում նոր ուսումնական տարվան արդեն պատրաստ են: Տնօրինությունն ու մանկավարժները ներքին հարդարման ու բարեկարգման գործերն են ավարտում: ընդամենը 12 դասարան և 225 աշակերտ ունեցող այս կրթօջախն էլ, համայքային մնացած կառույցների նման բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի:
Արտուշ Ուրումյանն, ով արդեն 15 տարի ղեկավարում է դպրոցը, այդ խնդիրներն անգիր գիտի: Ասում է՝ շենքը ամրացման կարիք ունի, բայց ավելի կարևոր է ` լոկալ ջեռուցման համակարգի հարցը. «Գարնանը, քամու ժամանակ մենք փաստորեն չենք կարողանում դաս պարապել,վառարանների խողովակները պատուհանից են հանված, քամուց ծուխը հետ է գալիս, ստիպված ենք լինում բաց թողնել դասերը, դրանք լրացնում ենք կամ շաբաթ կիրակի, գրաֆիկն է խառնվում, պարզապես անհրաժեշտ է ջեռուցման համակարգ ունենալը»:
Դպրոցի շենքի դռների ու պատուհանների մի մասը պետական միջոցներով փոխվել են. Գումարները հերիքել են մասնակի թեթև կոսմետիկ աշխատանքների համար միայն: Տեխնիկայի մասով դպրոցը խնդիրներ չունի: Համակարգչային սրահը կահավորված է նոր սերնդի համակարգիչներով, մասնագիտական կադրերի պակաս ևս չկա:
Դպրոցի մյուս մասնաշենքն ավելի վատ վիճակում է: 1899 թվականի այս շինությունը, ժամանակին եղել է Բորչալուի գավառի ոստիկանական վարչության շենքը, ապա որպես դպրոց ծառայել: 60-ականներին` ծնողների ուժերով կառուցվել է երկորդ մասնաշենքը: եթե այստեղ երբեմն գումարներ են նախատեսվել, ապա մյուսում ոչինչ չի արվել: Դժվար չէ պատկերացնել, թե 117 տարվա ընթացքում շենքից ինչ է մնացել: Ամենավատը տանիքի վիճակն է: Չնայած սրան, դպրոցի ավագ դասարանների դասապրոցեսը կազմակերպվում է այս հարկի տակ, քանի որ մյուսում դասարանների քանակը չի հերիքում:
Չնայած աշակերտների թիվն անհամեմատ նվազել է, սակայն դպրոցում հպարտանալու առիթները քիչ չեն: Տնօրենը շրջացնում է մի շարք խնդիրենր ու հպարտությամբ պատմում իր սաների հաջողոթյունների մասին: Ասում է` չլուծված հարցեր ամեն տեղ կան, սա չի խանգարում հաջող արդյունքին, և ամենամեծ ուրախությունն իր շրջանավարտների` բուհ ընդունվելու լուրերն են.
«15 աշակերտ այս տարի ավարտել է, որոնցից 6-ն ընդունվել են, ընդ որում` 3-ն անվճար, ևս 3-ը` Երևանում են ընդունվել: 15-ից 9-ը բուհ են ընդունվել: Կարծում եմ` սա նորմալ ցուցանիշ է: Չնայած միշտ ասում եմ, որ մենք ավելին կարող ենք: Մենք անելու շատ բան ունենք և ձգտում ենք: Առ այսօր քննությունների մեր ամենացածր ցուցանիշը 89 տոկոս է: Ամենակարևորը` մենք Թբիլիսիից հրավիրված վրացի ուսուցիչներ ունենք, ովքեր վրացերեն են դասավանդում, և արդյունքն արդեն նկատելի է: Արդեն մի քանի տարի է` մենք վրացերենի քննությունից կտրվող աշակերտներ չունենք»:
Եվ սա այն դեպքում, երբ պետական կրթական համակարգը մի շարք թերություններ ու հակացություններ ունի: Օրինակ` քննական թեմաներում կան հարցեր, որոնք ուսումնական ծրագրից բացակայում են: Կամ Կրթության նախարարության պահանջները չեն համապատասխանում դասագրքի հետ: Սա քննությունների ժամանակ խնդրի առաջ է կանգնեցնում շրջանավարտին: Տնօրենն ասում է, որ այս հարցում դպրոցն անզոր է այստեղ գործ ունեն Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունները: Այս դեպքում դպրոցը միայն պարբերաբար առաջարկություն է ներկայացնում: Ստիպված են լինում նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին նոր այբբենարանների մասին մտածել: Շահումյանի առաջին դպրոցի առաջին դասարանն այս տարի մոտ 2 տասնյակ աշակերտ կընդունի: