Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին։
Մասնավորապես Մեդվեդևն ասել է, որ նման հայտարարությունները պրոֆեսիոնալ չեն, Վրաստանի նախագահը կամ խնդրից անտեղյակ է, կամ էլ խաթարում է իրավիճակը:
Դմիտրի Մեդվեդևի խոսքերով, Զուրաբիշվիլիից նման հռետորաբանություն լսելը տխուր է: Նրա խոսքերով, հակառուսական տրամադրությունների ամրապնդման դեպքում Մոսկվան զբոսաշրջիկներին կտրամադրի համապատասխան առաջարկություն, որն էլ մեծ ազդեցություն կունենա Վրաստանի վրա:
Ըստ ՌԴ վարչապետի, Վրաստանում ստեղծված իրավիճակը կապված է արմատական ընդդիմության և իշխանամետ ուժերի հետ: Նրա խոսքերով, բողոքն ուղղված է Վրաստանում քաղաքական համակարգի չարաշահմանը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Հավելենք՝ Վրաստանի ղեկավարը իր տարածած հայտարարությունում Ռուսաստանին թշնամի ու օկուպանտ է համարել։ «Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան», — ասել է Զուրաբիշվիլին: