Սեպտեմբերի 6-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Ախալցիխեում, Օրփոլո կրակային գոտում տեղի ունեցող միջազգային զորավարժությունների՝«Agile Spirit- 2016»-ի շրջանակներում, սեպտեմբերի 7-ին  Սամցխե Ջավախեթիի բնակչության և մեդիայի ներկայացուցիչների համար բաց դռների օր կլինի: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցող զինծառայողները ցուցադրական վարժանքներ  կանցկացնեն` օգտագործելով զրահատեխնիկա, հրետանային զենք և օդուժ: Ցուցադրական զորավարժություններից հետո տեղի կունենա զինտեխնիկայի ցուցդրություն:

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Կան Տանիայի հայտարարության մասին վրաստանյան մամուլում գրեթե չխոսվեց:  «Sova.ge»-ի փոխանցմամբ՝  աբխազական պատվիրակության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ նկարի հետ կապված` Կան Տանիան պարզաբանումներ է ներկայացրել :
«Լեռնային Ղարաբաղի  հանրապետության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառմանը մեր պատվիրակությունը մոտեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի շնորհավորի նրան: Այդ պահին նրա կողքին կանգնած էր  նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր օպերատորը  լուսանկարել էր այդ պահը, իսկ ես իմ ֆեյսբուքյան էջում էի տեղադրել: Այս ամենից հետո, վրացական ԶԼՄ-ները խոսեցին աբխազական պատվիրակության և ՀՀ նախագահի հանդիպման մասին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ԶԼՄ ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ Վրաստանի կողմից չվերահսկվող աբխազական պատվիրակությունը մասնակցել էր ԼՂՀ անկախությանը 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Այնուհետև Կան Տանիան իր ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել՝ աբխազական պատվիրակության և Սերժ Սարգսյանի հետ:  Մինչդեռ պաշտոնական Երևանը հերքեց այդ մասին տեղեկությունները:

«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին խոսել  է վերջին օրերին մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հանցագործությունների մասին: Նախարարի խոսքերով՝ բոլոր ապօրինի գործողություններին արագ արձագանք է եղել: Մղեբրիշվիլին հայտարարել է, որ ոստիկանությունը ընտրությունների նախաշեմին կարևոր մարտահրավերների առջև է կանգնած` ապահովել ընտրությունների համար խաղաղ և արդար միջավայր.
«Հասկանում են, որ նախըտրական քարոզարշավը իր գագաթնակետին է հասել, սակայն որպես Ներքին գործերի նախարար,դիմում եմ բոլորին՝ չփորձեք քաղաքական մարտերում ներգրավել ոստիկանությանը: Ոստիկանությունը ապաքաղաքականացված գերատեսչություն է: Մենք Վրաստանի և Վրաստանի բոլոր քաղաքացիների ոստիկաններն ենք: Մենք պետք է ապահովենք ձեր անվտանգությունը` այս քաղաքական գործընթացներում: Հետևաբար ես ընդգծում եմ և հայտարարում՝ անձամբ ես և Ներքին գործերի նախարարությունը թույլ չենք տա որևէ բռնություն և իրավիճակի սրում»,-  հայտարարել է Մղեբրիշվիլին:

 

Թողնել պատասխան