Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությու է տարածել նախօրեին Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային հակակառավարական ակցիայի ժամանակ իրավախախտումների վերաբերյալ:
«Հատուկ նշանակության ջոկատը Թբիլիսիում ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել՝ առանց զգուշացնելու հազարավոր ցուցարարներին, ովքեր հավաքվել էին Խորհրդարանի մոտ», — ասվում է HRW-ի հայտարարությունում:
Խորհրդարան մտնել փորձող ցուցարարների դեմ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել: Կեսգիշերին ցույցը ցրելուն են միացել նաև հատուկ նշանակության ջոկատները, գործի է դրվել ջրցան մեքենա: Տուժած 240 քաղաքացիներից 80-ը ոստիկան է:
Իրավապաշտպանները նշում են, որ ուղիղ եթերում հետևել են Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին ու նկատել, որ ցուցարարները փորձում են տուժած հատուկ ջոկատայինին ապահով վայր տեղափոխել: Նշվում է, որ որոշ ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ շշեր էին նետում: Այս ամնեը հաշվի առնելով նույնիսկ՝ ցույցը խաղաղ բնույթ է ունեցել:
«Իրավապահները պարտավոր են հարգել հավաքների ազատությունը, ինչպես և մարդու իրավունքների պաշտպանության չափորոշիչները ուժ կիրառելու ժամանակ՝ այդ թվում նաև արտոնված ու չարտոնված հավաքների դեպքում»:
HRW -ում գտնում են, որ ուժ եւ զենք կիրառելուց առաջ ոստիկանությունը նախ պետք է ոչ բռնի մեթոդների դիմի՝ պահանջելով ազատել տարածքը:
Վերջին իրադարձությունների հետ կապված հայտարարություն ունի նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան: Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է առաջարկում տուժած քաղաքացիներին ու խնդրում բոլոր հետաքրքրված անձանց կապ հաստատել իրենց գրասենյակի հետ: