Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան հայտարարել է, որ հողերի գրանցման գործում ժողովրդի հետ պետք է ավելի սերտ համագործակցել: Վրաստանի արդարադատության և տնտեսական զարգացման նախարարությունները պատրաստ են օգնություն ցուցաբերել ժողովրդին ` հողերի գրանցման հարցում: «Լավ կլիներ ավելի հանրայնացվեր այս գործընթացի տարբեր բաղադրիչներին վերաբերվող տեղեկատվությունը: Հողը յուրաքանչյուր երկրի և ժողովրդի համար շատ կարևոր և նուրբ հարց է: Այս հարցի ճշգրտումը հեշտ չէ: Իմ կարծիքով` այս հարցում շտապել պետք չէ, կարևորը` ամեն ինչ ճիշտ արվի» ,- հայտարարել է Նախարարը:
Նախարարը կարևորել է նաեւ ժողովրդի հետ սերտորեն հաղորդակցվելու խնդիրը, քանի-որ միակողմանի հաղորդակցության արդյունքում հաճախ շահարկումներ են լինում: «2016-ը Վրաստանում ընտրությունների տարի է, հետևաբար բոլորը փորձում են քաղաքական եւ այլ դիվիդենդներ հավաքել», — հայտարարել է Դանելիան:
Հատկանշական է, որ այս պահին ընդդիմությունում գտնվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է հանդես եկել հողերի գրանցման ծրագրի պարզեցման նախաձեռնությամբ :