Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. թարմացվող

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ:

02:20 Այս ժամի տվյալներով Ինգորոկվայի հիվանդանոց է տեղափոխվել 40 ցուցարար է:


01:55 Բողոքի ակցիան ցրելու նպատակով ոստիկանությունն արդեն երկրորդ անգամ է կիրառում ուժ․ այս անգամ գործի են դրվել ջրցան մեքենաները։ Հնչում են նաև կրակոցները։ Քաղաքացիները լքում են խորհրդարանի հարակից տարածքը։


01:30 Հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հասարակությանը հանդարտության կոչ անելով։


 

01:01 Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ակցիայի 14 մասնակից, և 38 իրավապահ։ Սակայն դեպքի վայրում աշխատող մեր գործընկերները նշում են, որ վիրավորների թիվն անհամեմատ ավելի շատ է։


 

00:50 Շարունակվում են կրակոցների ձայներ լսվել խորհրդարանի հարակից տարածքում։

Կրակոցներ խորհրդարանի շենքի հարակից տարածքում

Կրակոցներ խորհրդարանի շենքի հարակից տարածքում․ իրավիճակը շարունակում է լարված մնալ

Posted by Aliq Media on Thursday, June 20, 2019


 

00:40 Ցուցարարները վերադառնում են խորհրդարանի հարակից տարածք։ Սակայն շարունակվում են լսվել կրակոցների ձայներ։ Ըստ որոշ աղբյուրների՝ վիրավորների մեջ կան նաև լրագրողներ ու հատուկջոկատայիններ։ Ցույցի կազմակերպիչները քննարկում են հետագա քայլերը։


 

00:10 Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց արցունքաբեր գազ։ Նրանց մի մասը ստիպված լքեց խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն ցուցարարներ են հավաքվում Ազատության հրապարակում։


 

00:05 Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։

Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ կգնան։

 

Մասշտաբային ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Ցուցարարները հարձակվել են հատուկջոկատայինների վրա, ոստիկանների ուղղությամբ նետում են դատարկ շշեր: Ռուսթավելիի պողոտան փակ է, ակցիայի մասնակիցները պարբերաբար փորձում են ներխուժել խորհրդարան, ոստիկանությունը, սակայն, խանգարում է:

«Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից:

Ներկաները վանկարկում են «Վրաստան, կեցցե Վրաստանը», ցուցատախտակների վրա գրված է՝ «Ռուսաստանն օկուպանտ է», «Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից»: Ցուցարարները հայտարարեցին, որ կառավարության ներողությունը չեն ընդունում, և պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակի, ներքին գործերի նախարարի և պետական անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:

Խորհրադարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն այս պահին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, վերջինս հայտրաարել է, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել ու ընդհատել այցը: Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Գախարիային, նրա խոսքով, պաշտոնաթող կլինի, երբ դրա կարիքը կլինի: Րոպեներ առաջ խորհրդարանի շենք են մտել Վրաստանի վաարչապետ Մամուկա Բախտաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ:

Տարածքում մոբիլիզացված են մեծ թվով ՆԳՆ ներկայացուցիչներ, բերվել են նաև հատուկջոկատայիններ: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, եթե ցուցարարները չդադարեցնեն բռնությունը, ոստիկանները կկիրառեն օրենքով նախատեսված միջոցներ: Բացի այդ, նրանք լրագրողներին կոչ են արել լքել տարածքը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, բողոքի ցույցը քաղաքական դրդապատճառներով է տեղի ունենում: Ներքին գործերի նախարար Գախարիան հայտարարել է, որ սա գրոհ է պետական ինստիտուտների վրա:

Մեկնաբանոթյուն է արել նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը:

«Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Զուգահեռաբար, բողոքի ցույց է ընթանում նաև Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանության շենքի մոտ: Հարկ է նշել, որ 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին ներկա էր նաև պատվիրակություն Ռուսաստանից, վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։

Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակվեր մինչև հունիսի 23-ը: