Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը։
Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ:
Րոպեներ առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»:
Ցուցարարները պահանջում են, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Վերջինս այս պահին պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում: Նա հայտարարել է, որ այցը չի ընդհատվելու: