Իրակլի Կոբախիձեն չի պատրաստվում թողնել Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նա հայտարարել է, որ չի մեկնաբանում ցուցարարների պահանջը, այն լուրջ չի ընդունում:
Հարցին, թե ով է պատասխանատու տեղի ունեցածի համար, խորհրդարանի նախագահը պատասխանել է, որ յուրաքանչյուր միջոցառման կառավարման համար պատասխանատու է խորհրդարանի նախագահը:
«Ես լուրջ մեկնաբանություն չեմ կարող անել այս մարդկանց հայտարարությունների վերաբերյալ: Ես չեմ կարող դա անել որոշակի պատճառներով», — «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում նախատեսված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։
Թեև արդեն օրվա երկրորդ կեսին սկսվեց խոսվել, թե որոշ ուժեր փորձում են այսպիսով քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հետևում որևէ քաղաքական ուժ չկա ու իրենց կուսակցության անունը Վրաստան է։