Թբիլիսիի Վերայի այգում գործարար Լևան Վասաձեի կազմակերպած «իրական տղամարդկանց հանդիպման» ընթացքում վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել ազգային գումարտակ, որը կպայքարի ԼԳԲՏ անձանց դեմ: Ակցիային նա խնդրել է ներկայանալ միայն իրական տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին խնդրել է չգալ:
Ներկայացնելով գործողությունների ծրագիրը՝ նա սպառնացել է նաև Վրաստանում գործող դեսպաններին, խոստացել է չեզոքացնել այն դիվանագետներին, ովքեր կփորձեն պաշտպանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները:
Հիշեցնենք՝ Վրաստանում ԼԳԲՏ համայնքի շահերը ներկայացնող Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը հունիսի 18-23-ը միջոցառումների շարքը է նախատեսում՝ միջազգային գիտաժողով ու քայլերթ:
Ի դեպ, անցած շաբաթ կառավարության շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են հակաակցիայի, երկու խմբերի միջև կենդանի պատ են կազմել ոստիկանները, սակայն բախումներն անխուսափելի են դարձել, բերման են ենթարկվել մի խումբ մասնակիցներ։