«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝
- Օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Այս անգամ, սակայն, վրաց հանրության համար ողջունելի էր հարևան Հայաստանի քայլը․ այս տարի առաջին անգամ Հայաստանն ուղղակի չմասնակցեց քվեարկությանը: Տեղի ունեցածի հետ կապված մեծ արձագանք եղավ ինչպես երկու երկրների քաղաքական դաշտում, այնպես էլ սոցիալական ցանցերում:
- Վրաստանի խորհրդարանի նորաստեղծ էթիկայի խորհուրդը գումարեց առաջին նիստը: Խորհրդարանի լիագումար նիստում պատգամավոր Իրինա Փրուիձեն տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը կլինի կազմակերպչական՝ խորհուրդը կսկսի աշխատել կանոնակարգի և բողոքարկման ձևի վերաբերյալ հարցերի շուրջ: Խորհուրդը դիտարկելու է գարնանային նստաշրջանում պատգամավորների ընդունած էթիկայի կոդեքսի կետերը խախտելու բոլոր փաստերը:
- Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալների համաձայն միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 1-ից և կավարտվեն հուլիսի 24-ին: Հայտնի դարձավ նաև ուսուցիչների լիցենզավորման քննությունների ժամանակացույցը:
- Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր ստորագրեցին: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում:
- «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է Վրաստանի կառավարության նամակը՝ ի պատասխան ՀԿ-ի դիմումին՝ կապված ապրիլի 24-ին տեղի ունեցածի հետ:
- Հունիսի 13-ին Պրահայում տեղի է ունեցավ Ռուսաստանի հետ հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը: Կարասինը կոշտ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն արագացնելու մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությանը, նշելով, որ այն մահացու կլինի վրաց-ռուսական հարաբերությունների համար: Զուրաբ Աբաշիձեն անդրադարձել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլիոնանոց բանակ և միջուկային զենք ունեցող երկիրը հարևանների հետ սպառնալիքներով չպետք է խոսի: