Վրաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի վեց անդամներ դոպինգ օգտագործելու մեջ են մեղադրվում: «Sportall.ge»-ի տեղեկատվության համաձայն, այս պահին շարունակվում է մարզիկներին ստուգելու գործընթացը, և բացառված չէ, որ դոպինգ օգտագործողների թվաքանակը կաճի: Միջազգային հակադոպինգային գործակալության օրենքներից ելնելով` պարբերականը դեռեւս չի հրապարակում մարզիկների ինքնությունը, քանի որ հետազոտության արդյունքները մարզիկներին դեռ չի ներկայացվել: Վրաստանի հակադոպինգային գործակալությունը հետազոտության պատասխանները այսօր ՝ փետրվարի 15-ին կփոխանցի մարզիկներին, ինչից հետո նրանք կունենան բողոքարկելու հնարավորություն: Ինչպես «Sportall.ge»-ն է նշում, արգելված դեղամիջոցների օգտագործման մեջ մեղադրվածների մեծամասնությունը ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ են, սակայն կան նաև հունահռոմեական ոճի ներկայացուցիչներ: Եթե հիմա ապացուցվի դոպինգի օգտագործումը, ապա մարզիկներից մեկը կորակազրկվի:
«Դոպինգ կիրառելու մեջ մեղադրվողների մեծ մասը Վրաստանի` 2016 թվականի չեմպիոններն են, սակայն կան նաև մրցանակակիրներ, իսկ քաշային կարգերից մեկում եզրափակիչ անցած մի զույգի մասին է խոսքը: Հետազոտությունները այս տարվա առաջնության ժամանակ է իրականացվել: Հաստատվելու դեպքում նրանց կզրկեն այս մրցաշարում նվաճած մեդալներից, ինչպես նաև` աշխատավարձից: Կարգելվի նաեւ առաջիկա մրցաշրջաններում` վերջիններիս հանդես գալը եւ Վրաստանի հավաքականի մարզումներին նրանց մասնակցությունը և նույնիսկ հավաքներին մասնակցելը»: Նյութում ասված է նաև, որ մարզիկները կորակազրկվեն, սակայն ժամկետը կսահմանի միջազգային ֆեդերացիան:
Հավաքականի գլխավոր բժիշկ Զուրաբ Կախաբրիշվիլին` հղում անելով մարզիկներին` հայտարարել է, որ նրանք արգելված դեղամիջոց չեն ընդունել: «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Կախաբրիշվիլին ասել է. ”Մենք հարցրինք մարզիկներին և նրանք բոլորը հերքեցին, թե ընդունել են այդ դեղամիջոցը: Դա այնքան անլուրջ միջոց է, որ դրա համար պատիժը երեքից վեց ամիս է, բացի այդ մինչև այս տարի այն արգելվածների ցանկում չի եղել»: